Ժամանակի մարտահրավերներին համընթաց

Ինեկոբանկը նշում է հիմնադրման 30-ամյա տարեդարձը։ Հայաստանի ազգային պատկերասրահում մարտի 6-ին հանդիսավորությամբ ամփոփվեցին ընկերության երեք տասնամյակի ձեռքբերումները, հայտարարվեց զարգացման նոր փուլի մենկարկի մասին։

Հանդիսության բանախոսների գնահատմամբ՝ երեսուն տարվա ճանապարհը, որը մեկնարկել է համարձակ գաղափարով, այսօր վերածվել է կայացված, տեխնոլոգիական և հաճախորդակենտրոն ֆինանսական հաստատության պատմության։ Ինեկոբանկը հետևողականորեն զարգացել է ժամանակի մարտահրավերներին համընթաց, ձևավորելով վստահելի գործընկերոջ համբավ թե՛ անհատների, թե՛ գործարարների համար։

30 տարվա ընթացքում արձանագրվել են շուրջ 3,5 տրիլիոն դրամի վարկավորում, որից 2 տրիլիոնը ֆինանսավորում է եղել հայկական բիզնեսներին, 2,5 տրիլիոն դրամի վստահված խնայողություններ, 120 եռամսյակ շահութաբեր գործունեություն, աջակցություն բազմաթիվ բարեգործական ծրագրերի։

Հոբելյանական տարեդարձի կապակցությամբ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում շուրջ երեք տասնամյակ պատասխանատու պաշտոններում արդյունավետ գործունեություն ծավալելու, բանկի կայացման, զարգացման և Հայաստանի բանկային ոլորտում նրա կայուն ու հեղինակավոր դիրքի ձևավորման գործում ունեցած մեծ ավանդի համար ընկերության խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը պարգևատրվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվոգրով և Ոսկե մեդալով, որը հանձնեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։

Leave a reply