
Դեկտեմբերի 7-ի նախօրեին՝ Թումանյան – 150
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին հրատարակած բացառիկ հատընտիրը հիշատակի լույս խնկարկում է և հայոց հանճարին մեր չմարած պարտքերի հատուցման մի պտղունց վարձք-նշխարհ, որն իրականացավ «ԱՊԱՎԵՆ» ընկերության համահիմնադիրներ Արսեն Ղազարյանի ու Գագիկ Աղաջանյանի սրտաբուխ մեկենասությամբ։ Շնորհանդեսը Թումանյանի թանգարանում էր դեկտեմբերի 6-ին՝ աղետալի երկրաշարժի նախօրեին, ինչը կարծես հիշեցնում էր հոգևարքից առաջ Թումանյանի վերջին պատգամը՝ «Տղե՛րք, ղոչաղ կացեք․․․»։ Այսպես են հեռանում հանճարեղ մեծերը, իսկ արժանապատիվ հիշողությունը սերունդներին միշտ մոտեցնում է նրանց, դառնում ոգեզարթոնք։
«Հոբելյանական ընտրանի-150։ Հատընտիր» ստվարածավալ գիրքը հազար հանդիսություն արժե և հարյուր հազար ելույթ, քանզի օրվա հարահոսում բանավոր խոսքն ու զրույցը օրվա հետ էլ կանցնեն, իսկ ընտրանի գիրքը մնալու է սերունդներին, դառնալու է թումանյանաբար ապրելու պատգամ։ Իսկ ինչպե՞ս ապրեց Թումանյանը․ ընդամենը մեկ հատված Զորավար Անդրանիկին 1917թ․ դեկտեմբերին գրած բանաստեղծի նամակից՝ «․․․Ես չորս տղա ունեմ, չորսն էլ Կառավարության , Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն․․․ Ես էլ, անշուշտ, սրանից թանկ ոչինչ չունեմ․․․»։
Գրքի մեկենասներ Արսեն Ղազարյանի և Գագիկ Աղաջանյանի խոսքերը, թումանյանաբար ապրելու խորհրդով, նախ հենց այս անձնազոհ նվիրվածության մասին են՝ որպես մերօրյա պատգամ․․․
Մեր օրերում, երբ Երկիր մոլորակը դարձել է մի եռացող կաթսա, երբ լույսն ու ստվերը, չարն ու բարին հոգու և բանականության քավարանով են անցնում, ոչինչ մեզ այնքան հայ չի պահում, որքան Թումանյանի սուրբ գործը, ճշմարիտ պատգամը․․․ Իսկ այդ հիշողությունը պահելու և սերունդներին փոխանցելու կարևորության արահետներով են հատկապես անցել Արսեն Ղազարյանն ու Գագիկ Աղաջանյանը, ովքեր լավ գիտեն, որ այսօր և վաղը Թումանյանի տասը հատորյակը քչերն են ամբողջությամբ կարդալու, իսկ այսպիսի մեկ ընտրանի գիրքը մնալու է հայի սեղանին ու դառնալու է գրադարանի զարդը․․․ Իբրև ավարտ՝ տիեզերական ճամփորդի հիշեցումը՝
Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին,
Երկրից անցվոր,երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին․
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։

















