
Գործարար համայնքի խորհրդակցություն
Մարտի 30–ին մայրաքաղաքի «ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոնում կայացավ խորհրդակցություն Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ «Եվրասիական տնտեսական միության շուկան առանց խոչընդոտների» թեմայով, որը կազմակերպել էին ՀՀ միջազգային տնտեսական զարգացման և բարեփոխումների նախարարությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։
Միության նախագահ Արսեն Ղազարյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ Հայաստանի գործարարների համար դեռևս շատ անհասկանալի ու թերի մեկնաբանված դրույթներ կան, չլուծված հարցեր, որոնք խորհրդակցությունից հետո պետք է համակարգվեն, և առաջիկայում Մոսկվա կատարելիք այցի ժամանակ հայկական պատվիրակությունը դրանք մեկ անգամ ևս կներկայացնի համապատասխան ատյաններ։
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական զարգացման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը պարզաբանեց կարևոր դրույթներ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարներ Տատյանա Վալովայան և Կարինե Մինասյանը խոսեցին ԵՏՄ շրջանակներում միասնական տնտեսական տարածքի ձևավորման ընթացքում անդամ երկրների շուկաներ փոխադարձ հասանելիության պայմաններում արգելքների և սահմանափակումների, այդ թվում խոչընդոտների վերացման վերաբերյալ։
Քննարկման ժամանակ եղան կարևոր դիտարկումներ ու տեսակետներ։