
Գործարարն ու բարերարը թումանյանական թեմաներով
Ամիսներ առաջ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առիթով «Համագործակցության և բարեկամության ներկապնակ» բացօթյա գեղանկարչության միջազգային փառատոնին Դսեղում էր նաև գեղանկարիչ, վրացահայ մեր հայրենակից Թենգիզ Միկոյանցը: Նա միառժամանակ մնաց Թումանյանի ծննդավայրում: Ծնվեցին բազմաթիվ կտավներ: Հետո նա թումանյանական թեման շարունակեց Թիֆլիսում, մեծ գրողի հետքերով գնաց Ջավախք, Բորժոմի, Մանգլիս ու այլ վայրեր, ուր եղել է Թումանյանը: Ծնվեցին նորանոր կտավներ՝ յուրովի ամբողջացնելով Թումանյանի կերպարը գեղանկարչության մեջ:
Եվ ահա ապրիլի 13-ին Թենգիզ Միկոյանցը Երևանում Հայաստանի նկարչի տանը առանձին ցուցահանդեսով ներկայացրեց Թումանյանի աշխարհը, նրա մեծությունը: Ցուցահանդեսի խորհուրդը Չարենցի խոսքով՝ «…Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության»:
Այս մեծ ճանապարհորդությունն ու ցուցահանդեսը իրականացավ հատկապես «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի հովանավորությամբ՝ իբրև երախտիքի տուրք հանճարեղ բանաստեղծի հոբելյանին ու հիշատակին: Աստվածահաճո է, երբ գործարարը զորակցում է արվեստին, ինչը մեր օրերում ազգային դիմագիծը պահպանելու անհրաժեշտ մտահոգություն է և հոգու պարտք:
Բազում փաստերից հավելենք ևս մեկը թիֆլիսյան թեմաներով: Արսեն Ղազարյանի հովանավորությամբ տարիներ առաջ Թիֆլիսում հայկական եկեղեցու բակում կանգնեցվեց հայ գործարարության և բարերարության մեծ երախտավոր Ալեքսանդր Մանթաշյանցի կիսանդրին, նրա զորակցությամբ պատրաստվեց ֆիլմ և ներկայացվեց թիֆլիսյան հանդիսատեսին:
Արսեն Ղազարյանը հաճախ է կրկնում և իրականացնում Մանթաշյանցի հայտնի միտքը՝ Հայ գործարարի ոսկե քսակը պետք է միշտ բաց լինի արվեստի համար…






