Գործարարները ստացան ԵՏՄ-ին վերաբերող որոշ հարցերի պատասխաններ

Եվրասիական տնտեսական միության տարածք հունվարի 1-ից հետո արտահանում իրականացնելու համար հայ տնտեսավարողները պետք է համապատասխանեցնեն իրենց արտադրանքը ԵՏՄ տեխնկական կանոնակարգերին: Իսկ այն գործարարները, ովքեր իրենց արտադրանքը սպառում են միայն հայկական շուկայում, դեռևս մեկ տարի ժամանակ կունենան տեխնիկական կանոնակարգերի փոփոխման համար:

Այս մասին գործարարների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Պատասխանելով գործարարների բարձրացրած այն հարցին, թե տեխնիկական կանոնակարգման ինչպիսի փոփոխություններ են սպասվում Տարասյանը նշեց, որ հաստատված մեկ տարի անցումային շրջանում (2015 թ.) Հայաստանում գործելու են ինչպես տեղական, այնպես էլ ԵՏՄ կանոնակարգերը, իսկ 2016-ից հետո կգործեն միայն միության կանոնակարգերը: «Այս պահին մշակված է 34 տեխնիկական կանոնակարգ, իսկ դրանց ընդհանուր թիվը լինելու է 66: Այսինքն, այդքան ապրանքատեսակի մասով լինելու են ճշգրտումներ», — ասաց Տարասյանը և խոստացավ, որ գործարարները կստանան մանրամասն տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին:

Տեքստիլ ոլորտում գործող արդյունաբերողներից մեկը բարձրացրեց այն հարցը, թե ինչպես է լուծվելու երրորդ երկրից ներմուծվող հումքի սերտիֆիկացման հարցը և արդյոք Հայաստանում գործելո՞ւ է տեքստիլի սերտիֆիկացման լաբորատորիա: Էմիլ Տարասյանը տեղեկացրեց, որ ներկայումս պատրաստվում է լաբորատորիան, որը կգործի տեխնիկական կանոնակարգերի հստակեցումից հետո: «Հայաստանում մինչ օրս տեքստիլի սերտիֆիկացում չի իրականացվել, սակայն ԵՏՄ-ում դրվել է այդ պահանջը: Հետևաբար այն տնտեսավարողները, ովքեր պատրաստվում են արտահանում իրականացնել միության տարածք, պետք է անցնեն սերտիֆիկացում»,- ասաց Էկոնոմիկայի փոխնախարարը:

Սննդի գործարաններից մեկի ներկայացուցիչը ցանկացավ տեղեկանալ, թե հունվարի 1-ից հետո արտադրողները լրացնելո՞ւ են արդյոք մաքսային հայտարարագիր: Էկոնոմիկայի փոխնախարարն ասաց, որ մաքսային սահմանի վրա վարչարարության որևէ աշխատանք չի կատարվելու: «ԵՏՄ-ի ամբողջ իմաստն այն է, որ մաքսային ձևակերպումներ չիրականացվեն: ԵՏՄ անդամ երկրների միջև մաքսակետերը բացակայելու են, իսկ մեր պարագայում մաքսակետեր կլինեն, քանի որ չկա ընդհանուր սահման ԵՏՄ-ի հետ: Դեպի Եվրասիական միության երկրներ արտահանման ժամանակ իրականացվելու են միայն տրանզիտ ձևակերպումներ, որը Վրաստանի պահանջն է»,- ասաց նա:

Գործարարների հետ հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը: «Եվրասիական տնտեսական միության երկրներ-Հայաստան. արտահանման պրոբլեմները» խորագիրը կրող հանդիպման ժամանակ մասնակիցները հարցեր էին ուղղում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներին:

Աղբյուրը՝ armenpress.am

Leave a reply