Գործարարները պատրաստակամ են կառուցողական մասնակցություն ունենալ տնտեսական զարգացման ռազմավարության մշակման ու իրականացման գործընթացներում

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցչական խումն իր մասնակցությունն է ունեցել ապրիլի 18-ին Դիլիջանում կազմակերպված  «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին:

Կառավարություն-գործարար համայնք ձևաչափով անցկացված աշխատաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, կազմակերպվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով լայն ընդգրկմամբ, բաց և արդյունավետ քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր հնարավորություններ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև հստակեցնել բարեփոխումների առաջնահերթությունները՝ համատեղ որոշումների կայացման համար:

Վարչապետ Փաշինյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող գործարար համայնքի ներկայացուցիչներին, փորձագետներին ու ոլորտային պատասխանատուներին աշխատաժողովին մասնակցելու և ակտիվ ներգրավման համար: Իր ելույթում վարչապետը մանրամասն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններին և առկա մարտահրավերներին՝ ընդգծելով գործադիր իշխանության և մասնավոր հատվածի միջև շարունակական, կառուցողական ու արդյունավետ երկխոսության կարևորությունը: Վարչապետի խոսքով՝ նման լայնամասշտաբ միջոցառումները կարևոր են ընդհանուր պատկերացումներ ձևավորելու համար, թե ինչպես կարող են Կառավարությունն ու մասնավոր հատվածն առավել արդյունավետորեն ծառայել ի նպաստ Հայաստանի Հանրապետության՝ ապահովելով կայուն տնտեսական աճ: «Տնտեսական զարգացումը և դրանից բխող արդյունքներն են, որ մեզ հնարավորություն պիտի տան կամ պիտի սահմանափակեն մեր հնարավորությունները՝ երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու և լուծելու։ Եվ այս առումով, իհարկե, ես շատ կոնկրետ խնդիր ունեմ այս աշխատաժողովի արդյունքում, կարևոր է նաև հասկանալ, թե ինչ մթնոլորտ է տիրում գործարար միջավայրում և ինչ խնդիրներ կան, որ խնդիրների լուծմանն ենք մոտ և այլն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է նաև աշխատաժողովի արդյունքում առաջիկա տնտեսական անելիքների օրակարգ ձևավորելու կարևորությունը՝ դրա շուրջ համատեղ աշխատելու տրամաբանությամբ: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է պետական շահի սպասարկմանը միտված տնտեսական ընդհանուր ճանապարհային քարտեզի մշակման, ինչպես նաև դրա շուրջ որոշակի համաձայնության և միասնական ընկալման ձևավորման անհրաժեշտությունը։

Վարչապետի ելույթին հաջորդել են «Մակրոտնտեսական, ներդրումային և կրթական քաղաքականությունները՝ որպես տնտեսական մրցունակության հենասյուներ», «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն» պանելային քննարկումները։ Վերջիններիս ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման տնտեսական հնարավորություններին:

Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել իրականացվող բարեփոխումների արդյունավետության բարձրացման, Պետական եկամուտների կոմիտեի վարչարարության կատարելագործման անհրաժեշտության, ինչպես նաև գործադիր իշխանության կողմից ընդունվող որոշումների ներառականության ապահովման կարևորությանը:

Պանելային առանձին քննարկում է նվիրվել «Կառավարություն-գործարար համայնք երկխոսության հեռանկարները» թեմային, որը վարել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր ելույթում անդրադարձել է գործարար շրջանակներին հուզող մի շարք հիմնախնդիրների։ Կարևորելով գործադիր–մասնավոր հատված արդյունավետ երկխոսությունը, նա  ողջունել է տարին առնվազն երկու անգամ նման հանդիպումներ կազմակերպելու ՀՀ վարչապետի առաջարկը։ ՀԱԳՄ նախագահը պատրաստակամություն է հայտնել Միության անդամների, փորձագետների, ինչպես նաև տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի միջոցով շարունակել ակտիվ երկխոսությունն ինչպես կառավարության, այնպես էլ ոլորտային տարբեր գերատեսչությունների, օրենսդիր մարմնի հետ՝ կառուցողական մասնակցություն ապահովելով տնտեսական զարգացման ռազմավարության մշակման ու իրականացման գործընթացներում, աջակցելով այնպիսի օրենսդրական դաշտի մշակմանը, որը կբխի թե՛ պետության, թե՛ գործարարության շահերից։

Ավարտին Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը:

«Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովի մասնակիցներն այցելել են Կիրանց: Այցի շրջանակում ներկայացվել են սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները, ծանոթացել են գործընթացից հետո բնակավայրում ստեղծված ենթակառուցվածքներին:

Leave a reply