ԱՐՄԵՆԱԼ-ի հովանավորությամբ Դավիթ Մելքոնյանը կմասնակցի շախմատի աշխարհի մանկական առաջնությանը

Սեպտեմբերին Բաթումում կայանալիք շախմատի աշխարհի մանկական առաջնությանը Հայաստանը կներկայացնի յոթնամյա Դավիթ Մելքոնյանը, որի հովանավորությունը, ՌՈՒՍԱԼ-ի աջակցությամբ, ստանձնել է  ԱՐՄԵՆԱԼ գործարանը։

Դավիթն Արաբկիր համայնքի շախմատի մանկապատանեկան դպրոցի սան է, Երևանի չեմպիոնը և Հայաստանի առաջնության մրցանակակիրը:

ԱՐՄԵՆԱԼ գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի հետ հանդիպմանը Դավիթ Մելքոնյանն ու նրա մարզիչ Տիգրան Գասպարյանը մանրամասներ ներկայացրին սպասվող առաջնության մասին, որին կմասնակցեն 70 երկրներից ավելի քան 150 շախմատիստներ:

Պատանի շախմատիստն ընկերական խաղ անցկացրեց ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրենի հետ։ Վերջինս Դավիթին «պարգևատրեց» բազմաթիվ նվերներով՝ խոստանալով նաև օգնել ռուսերենի ուսումնասիրության հարցում:

«Խորապես շնորհակալ ենք ՌՈՒՍԱԼ-ին՝ ցուցաբերած հովանավորության համար, առանց որի մեր մասնակցությունը մրցույթին դժվար կլիներ: Առավելագույն ջանքերը կներդնենք, որպեսզի արդարացնենք ընկերության և բոլոր շախմատասերների հույսերը», — ասաց Տիգրան Գասպարյանը:

Այցի ընթացքում Դավիթը մարզչի հետ ծանոթացավ ձեռնարկության թանգարանի ցուցանմուշներին և փայլաթիթեղի արտադրության տեղամասերին:

Leave a reply