Անհրաժեշտ է ռեալ քայլեր ձեռնարկել առանց բացառությունների միասնական շուկա ձեւավորելու համար. Տիգրան Սարգսյան

Մարտի 1-ին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ անցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հերթական նիստի ժամանակ քննարկվել են առեւտրի, ագրարային արդյունաբերության համալիրի ու տեխնիկական կանոնակարգման ոլորտների հարցերը:

Ինչպես NEWS.am–ին հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայության բաժնի ղեկավարի տեղակալ Սերգեյ Ցիպլյոնկովը, բացելով ԵՏՀ Կոլեգիայի նիստը՝ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ Հանձնաժողովը պետք է ավելի ակտիվ դիրքորոշում զբաղեցնի եվրասիական ինտեգրման ամրապնդման գործում: «ԵՏՄ-ում գործընկեր-երկրների միջեւ ինտեգրման պակասը մարտահրավերր է Միության կայունությանը», — հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:

ԵՏՀ Կոլեգիան հաստատել է երկու փաստաթուղթ, որոնք անհրաժեշտ են ԵՏՄ–ում բժշկական արտադրանքի ընդհանուր շուկայի լիարժեք մեկնարկի համար՝ Բժշկական արտադրանքի կենսաբանական գործողությունը գնահատելու նպատակով հետազոտությունների (փորձարկումների) անցկացման կանոնները և ԵՏՄ անդամ երկրների իրավասու մարմինների կողմից՝ մարդկանց կյանքին կամ առողջությանը սպառնացող բժշկական արտադրանքի կիրառման դադարեցման կամ արգելքի միջոցառումների կիրառման կարգը:

Այսօր ԵՏՄ պետություններում արգելքի տարբեր միջոցառումներ են կիրառվում մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնալիք հանդիսացող, անորակ, կեղծ կամ մաքսանենգ ճանապարհով ներմուծված բժշկական արտադրանքի համար: Դրանից տուժում է այդ միջոցառումների արդյունավետությունը:

Միասնական Կարգի ընդունումը կօգնի վերացնել այս խնդիրը: Բացի դրանից այն կնպաստի, որ միասնական շուկայում հայտնվի բուժարտադրանք, որը համապատասխանում է անվտանգության ու արդյունավետության մասին ԵՏՄ-ում գործող ընդհանուր պահանջներին:

Կանոնները ու Կարգը ծրագրում են հաստատել ԵՏՀ Խորհրդի հերթական նիստի ժամանակ:

Սկզբնաղբյուր՝ www.news.am

Leave a reply