
ԱԳՄԿ 25-ամյակին նվիրված Խորհրդի նիստ Մոսկվայում
Շուրջ քառորդ դար Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսը արգասաբեր աշխատանք է կատարում Կոնգրեսին անդամակցող երկրների բիզնեսի աշխարհագրությունը ծավալելու և գործարար կապերը խորացնելու գործում։ Մասնավորապես Հայաստանի գործարար համայնքը մեծ բիզնեսում ներկայացնելու, նրա վարկանիշը բարձրացնելու, նոր շուկաներ գտնելու և հայ գործարարին համաշխարային բիզնեսին ինտեգրելու գործում Կոնգրեսը թե հայաստանյան և թե մյուս երկրներում կազմակերպած նիստերով ու հանդիպումներով մշտապես աջակցել է։
Փետրվարի 21-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը, Մոսկվայում ՀԱԳՄ ներկայացուցիչ Արտաշես Շիրիկյանի գլխավորությամբ, մասնակցել է Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:
Հոբելյանական խորհրդի նիստին ներկա էին նաև Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի անդամ երկրների ազգային միավորումների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում Արտաշես Շիրիկյանը Միջազգային կոնգրեսի Խորհրդին հանձնեց հոբելյանական հուշանվեր և ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը, որում արժևորվում է ԱԳՄԿ–ի և ՀԱԳՄ արգասաբեր գործակցությունը։
Միջազգային կոնգրեսի Խորհուրդը, 25-ամյա հոբելյանի կապակցությամբ, նշելով երկու կառույցների համատեղ աշխատանքում ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի մեծ ներդրումը և Երևանյան նիստերի բացառիկ ջերմությունն ու անմոռաց հանդիպումները, նրան պարգևատրել է հոբելյանական հուշագրով։ Միաժամանակ ՀԱԳՄ անդամներին բազմամյա և համատեղ արդյունավետ աշխատանքի համար հանձնվել են շնորհակալագրեր։