ԱԳՄԿ նիստը Երևանում

Մարտի 29–ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում կայացավ Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի (ԱԳՄԿ) խորհրդի նախագահության նիստը։ ԱԳՄԿ պատվիրակությունը կազմում էին Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահ, Մոլդովայի արդյունաբերողների և գործարարների ազգային կոնգրեսի նախագահ Վասիլի Տարլևը, ԱԳՄԿ նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նախկին անդամ Վիկտոր Գլուխիխը, Ուկրաինայի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, կոնգրեսի առաջին փոխնախագահ, Ուկրաինայի նախկին վարչապետ և Գերագույն Ռադայի պատգամավոր Անատոլի Կինախը, կոնգրեսի փոխնախագահ, Ղազախստանի գործատուների կոնֆեդերացիայի վարչության նախագահ, նախկին փոխվարչապետ և էներգետիկայի և վառելիքի պաշարների նախկին նախարար Կադիր Բայկենովը, Բելոռուսի Հանրապետության նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական կոմպլեքսի նախարար Սերգեյ Սիդորսկին և այլ կազմակերպությունների ու ընկերությունների ղեկավարներ, գիտնականներ, մասնագետներ։

Հայկական կողմից ողջույնի խոսքով և ելույթներով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և այլոք։

Նիստի ժամանակ քննարկվեցին ԱԳՄԿ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև փոխգործակցության հնարավորությունները և հեռանկարները, ներկայացվեցին ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների հետ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագործակցության փորձը, ներդրումային և ֆինանսաբանկային գործունեության վերաբերյալ ԱԳՄԿ կոմիտեի հեռանկյարային առաջարկները, «Հատուկ (ազատ) տնտեսական գոտիներն իբրև միջազգային գործարար համագործակցության և կայուն տնտեսական զարգացման ընդլայնման գործիք» ԱԳՄԿ ծրագրի իրականացման գործնական քայլերը և այլ տնտեսական բազմաբնույթ հարցեր։

Լիագումար նիստին Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի և Եվրասիական Տնտեսական Միության պատասխանատուները ստորագրեցին համագործակցության կարևորագույն փաստաթուղթ։

Ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպության (WFZO) նախաձեռնությամբ ԱԳՄԿ հայաստանյան այցի շրջանակներում մարտի 30–ին կայացավ երկրորդ կլոր սեղան-քննարկումը՝ ԵԱՏՄ անդամ երկրների ազատ տնտեսական գոտիների խնդիրների վերաբերյալ:

ԱԳՄԿ պատվիրակությանը նիստից առաջ ընդունելու է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Նույն պատվիրակությանը այցի առաջին օրը՝ մարտի 28–ին ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարությունը։

Այցի ավարտին պատվիրակության անդամները եղան Զվարթնոցում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նրանց ընդունեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Leave a reply