Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 22-ին մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովին, որը կազմակերպվել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ:

Հայաստանի զարգացման հիմնադրամի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Աբու Դաբիի Առևտրի պալատի կազմակերպած համաժողովը նպատակ ունի խթանելու Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի ակտիվացումը, գործարարների միջև շփումները, ներկայացնելու Հայաստանի ներդրումային միջավայրը և տարբեր ոլորտներում փոխշահավետ ներդրումային նախագծեր: Համաժողովի շուրջ 300 մասնակիցների թվում էին պետական պաշտոնյաներ, հիմնադրամների ղեկավարներ, միջազգային ընկերությունների ու կազմակերպությունների, Հայաստանում օտարերկրյա ներդրումների հաջող փորձ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։

Այցին մասնակցում էր Հայաստանի զարգացման հիմնադրամի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը:

Միության պատվիրակության ղեկավար, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը առանձին հանդիպումներ և պայմանավորվածություններ է ունեցել արաբ գործարարների հետ և այցը գնահատել է ժամանակին, խիստ արդյունավետ ու նաև շահեկան Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման առումով: Նա արաբ գործարարներին գործակցության համատեղ առաջարկներ է արել և Միության անունից պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցելու:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակության անդամները մասնակցել են առանձին ոլորտային քննարկումներին, որոնք վերաբերում էին գյուղատնտեսությանը, էներգետիկային, առողջապահությանը, տուրիզմին, տեղեկատվական տեխնոլոգիաներին, անշարժ գույքին և բազմաբնույթ այլ խնդիրներին:

Համաժողովում ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սայիդ Ալ Մանսուրի ողջույնի խոսքից հետո Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը համաժողովում հանդես է եկել ելույթով:

Leave a reply