
Կրթական հաստատությունները ներկայացնում են իրենց ուսումնական ծրագրերն ու հեռանկարները
Հայաստանի ավելի քան յոթ տասնյակ ուսումնական հաստատություններ են ներկայացված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 16-ին բացված «Կրթություն և կարիերա EXPO 2025» 24-րդ մասնագիտացված ցուցահանդեսում։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու LOGOS EXPO Center-ի կողմից համատեղ կազմակերպված ցուցահանդեսի մասնակից բուհերը, քոլեջները, կրթական կենտրոններն այցելուներին են ներկայացրել իրենց մասնագիտացումները, կրթական ծրագրերը, ուսումնական գործընթացների կազմակերպման հնարավորություններն ու առանձնահատկությունները։
Ողջունելով մասնակիցներին՝ ՀԱԳՄ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բարձր գնահատեց մարդկային կապիտալի դերը տնտեսվարման գործընթացում։ Նշելով, որ այս ցուցահանդեսը մարդկային կապիտալն աճեցնող կազմակերպությունների հավաք է, յուրօրինակ ներկայացում, նա հույս հայտնեց, որ մասնակից կրթական հաստատությունների շնորհիվ Հայաստանը վաղն ունենալու է էապես ավելի բարձր մարդկային կապիտալ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ «Կրթություն և կարիերա EXPO 2025»–ն ոչ միայն արդյունավետ հարթակ է կրթական կառույցների համար ներկայացնելու իրենց ուսումնական ծրագրերն ու հեռանկարները, այլև մասնագիտական կողնորոշման լավ հնարավորություն այն երիտասարդների համար, ովքեր իրենց վաղվա գործունեության ոլորտի ու ապագա ճանապարհի ընտրության մեջ են։
Ցուցահանդեսի բազմապիսի տաղավարները ներկայացված են մասնագիտացված տարբեր ուղղություններով՝ կրթությունը միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում, հետբուհական կրթություն, միջազգային կազմակերպությունների դերը կրթության ոլորտում, նորարարական նախագծեր, վիրտուալ դասագրքեր և ծրագրեր, կրթական միջոցներ, ուսումնական ու զարգացնող գրականություն, տպագրական ծառայություններ և գրենական պիտույքներ, ուսումնական հաստատությունների համար սարքավորումներ։
«Կրթություն և կարիերա EXPO 2025»–ի դռները բաց կլինեն մինչև ապրիլի 18-ը։










