
Հայաստան -Ավստրիա
Մայիսի 17-ին Ավստրիայի Կարինեթիայի երկրամասի Ալմդորֆ բնակավայրում կայացած միջազգային փորձագիտական հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի արդունաբերողների և գործարարների միության խորհրդական, տնտեսական գիտությունների թեկնածու Էդուարդ Փանոյանը: Նա ելույթ ունեցավ տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների ու խնդիրների վերաբերյալ զեկույցով, որում առանցքային տեղ էր հատկացված արևմտյան երկրների ընկերությունների առևտրատնտեսական կապերի և ներդրումների համար Հայաստանի նոր դերն ու հնարավորությունները թեմային՝ նկատի ունենալով Հայաստանի Եվրասիական Տնտեսական Միության անդամակցությունը, Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առկայությունը, ինչպես նաև Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հանգամանքները:
Էդուարդ Փանոյանը առանձնազրույց ունեցավ միջոցառման հիմնական կազմակերպիչ, Ռուսաստանի Դաշնությունում իտալական “Ինտեզա” բանկի մասնաճյուղի ղեկավար, պրոֆեսոր Անտոնիո Ֆալիկոյի հետ: Քննարկվեցին հայ-իտալական տնտեսական համագործակցության շրջանակներում երկու երկրների ձեռներեցներին միավորող կառույցների միջև պայմանագրային և գործնական կապերի հաստատման ու զարգացման հնարավորությունները:
Ձեռք բերվեցին պայմանավորվածությունները, ըստ որի Էդուարդ Փանոյանը իտալական կողմի հետ համատեղ կպատրաստի ՀԱԳՄ-Confindustria (Confederazione generale dell’industria italiana) միջև համագործակցության համաձայնագրի նախագիծ:
Հոկտեմբերի 24-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը Իտալիա կմեկնի մասնակցելու Վերոնա քաղաքում կազմակերպվող ամենամյա Եվրասիական Տնտեսական Ֆորումին, որի շրջանակներում նա կստորագրի ՀԱԳՄ-Confindustria համագործակցության համաձայնագիրը և հանդիպում կունենա իտալական ձեռներեցների ու նրանց համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ:
Հայաստանի ձեռներեցներին հետաքրքրող բնագավառների և համագործակցության առաջարկվող ծրագրերի վերաբերյալ նախապես ինֆորմացիա կուղարկվի իտալական կողմին B2B նպատակային հանդիպումներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
«Ինտեզա» բանկը կանցկացնի իր ուսումնասիրությունը Հայաստանի հետ իտալական կողմին և մասնավորապես բանկին հետաքրքրող բնագավառներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ: