
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, մայիսը Հայոց հաղթանակների ամիսն է, իսկ Մայիսի 28-ը առավել քան արժանապատիվ ու ամենահպարտ տոնը: Սրտի անհուն բերկրանքով շնորհավորում եմ բոլորիդ այս պայծառ տոնի առիթով և մաղթում նորանոր հաղթատոներ:
1918 թվականի մայիսին, երբ մեր երկիրը ներքաշվել էր ճակատագրական գոյապայքարի մեջ, Հայ ժողովուրդը բացառիկ միասնական կամքով բռունցքվեց Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում, կերտեց հազարամյա ամենավսեմ հաղթանակը և վերականգնեց իր պետական անկախությունը: Փառք մեր ժողովրդին:
Այսօր Հայոց բանակով ու մեր հավաքական կամքով տերն ենք մեր ինքնության ու ճակատագրի և նաև նոր Հայաստանի, որի առաջին կերտողն ու շինարարը հայ գործարարն է: Ամենամեծ Սարդարապատն անգամ անիմաստ կդառնա, եթե մեր կռիվը ռազմադաշտից հետո չշարունակենք տնտեսությունում, չհզորացնենք երկիրն ու բանակը:
Սիրելի գործարարներ, բացառիկ է ձեր դերն ու նշանակությունը, ձեր կամքն ու վճռականությունը այնպես շենացնելու մեր Հայրենիքը, որ Սփյուռքի կարոտաբաղձ մեր հայրենակիցները տունդարձի քարավաններով Հայաստան վերադառնան: Դա լինելու է տնտեսական Սարդարապատը: Այսօր ձեր ստեղծած ամեն աշխատատեղ մի ընտանիք է փրկում արտագաղթից, մի շենացնող քար է ավելացնում Հայոց պետականության հավերժական Տաճարին:
Սիրելի գործարարներ, սրբորեն կատարենք մեր առաքելությունը, բարձր պահենք հայ գործարարի հազարամյա բարի համբավը:
Շնորհավոր բոլորիս տոնը, Աստված պահապան մեր ժողովրդին ու պետականությանը: