
Ի՞նչ անել խորհրդաժողով
Հոկտեմբերի 9-ին Երևանի “Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ «Ի՞ՆՉ ԱՆԵԼ-2. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողով, որին մասնակցում էր և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դեռևս անցած տարվա նոյեմբերին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի համատեղ ուժերով կայացավ «Ի՞ՆՉ ԱՆԵԼ-1» գիտագործնական խորհրդաժողովը և ներկայացվեց համանուն գիրքը, ուր ամփոփված էին Հայաստանում իրականացվելիք տնտեսական հեղափոխության գաղափարական ու հայեցակարգային դրույթներ: Երկրորդ խորհրդաժողովին, որպես նախորդի շարունակություն, ներկայացվեց «Ի՞ՆՉ ԱՆԵԼ-2. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ. ընկալումը և գործարկումը» երկրորդ գիրքը:
«Երկու գրքում հանրապետության լրջագույն տնտեսագետների գիտական ուսումնասիրությունների արդյունքներն ու գաղափարները կարող են տնտեսական հեղափոխության իրականացման գաղափարական գումարելիները լինել,-իր խոսքում նշեց խորհրդաժողովը վարող, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: — Հայաստանում քաղաքական հեղափոխությունը իր բարեփոխումներով լուրջ նախադրյալներ ստեղծեց, և այսօր պայքարը քաղաքականից բնականաբար տեղափոխվելու է տնտեսական դաշտ: Ի՞նչ և ինչպե՞ս պետք է անել, որ Հայաստանը տնտեսական թռիչք կատարի: Այս հարցերին է ձգտում պատասխանել խորհրդաժողովը՝ դրանում ներգրավելով լավագույն գիտնականների հարուստ կենսափորձն ու գիտելիքները: Խորհրդաժողովը Կառավարություն-գործարարներ երկխոսության գործնական և ուսանելի քայլ է»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն հատուկ պաթոսով անդրադարձավ առանձին երևույթների դեռևս կարծրատիպը չհաղթահարած դրսևորումներին՝ ընդգծելով, որ հեղափոխական տրամադրվածությունը, նորն ու առաջադիմականը մարդ պետք է նախ ունենա իր հոգում, մտածողության մեջ: Վարչապետը իր գոհունակությունը հայտնեց երկու խորհրդաժողովների առնչությամբ և շնորհակալություն հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը, մյուս կազմակերպություններին և գործարարներին տնտեսական հեղափոխության կայացմանը զորակցելու համար:
Աշխույժ քննարկումների արդյունքում ծնվեց 3-րդ և պարբերաբար հաջորդ խորհրդաժողովների և գրքերի ստեղծման գաղափարը:























