Քննարկվեցին Հայաստան-Թուրքիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Սեպտեմբերի 3-ին Երևանում մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի գործարարների երկօրյա համաժողովը, որի նպատակն է մեկ հարթակում համախմբել երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկկողմ տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության ուղղություններ և ձևաչափեր, խթանելու նոր գործարար կապերի ու գործընկերությունների ձևավորումը։ Կողմերը քննարկեցին նաև այնպիսի ոլորտներում գործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, տրանսպորտը, արտադրությունը և էներգետիկան։

Համաժողովը կազմակերպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (ՀԱԳՄ)՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։ Միջոցառումն իրականացվում է Եվրասիա հիմնադրամի, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) և Հրանտ Դինք հիմնադրամի համագործակցությամբ։

«Հայաստանի և Թուրքիայի գործարարների միջև կապերը չեն ընդհատվել անգամ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության և հայ-թուրքական սահմանի փակ լինելու պայմաններում»,–համաժողովի բացման իր խոսքում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ 1993 թվականից ի վեր թուրքական ապրանքներն ու ծառայությունները շարունակել են մուտք գործել Հայաստան, մինչդեռ հայկական արտադրանքի արտահանումը Թուրքիա եղել է խիստ սահմանափակ և այդ ապրանքաշրջանառությունը հիմնականում իրականացվել է երրորդ երկրների միջոցով։

«Մեր հարաբերությունները՝ որպես գործարարներ, 1993 թվականից սկսած նորմալ են»,- ասաց Ղազարյանը՝ ընդգծելով, որ գործարար համագործակցությունը պահպանվել է նույնիսկ պետական աջակցության և պաշտպանության բացակայության պայմաններում։

ՀԱԳՄ նախագահի գնահատմամբ՝ սահմանի բացումը կարող է էապես փոխել իրավիճակը՝ կրճատելով ճանապարհային ծախսերը, խթանելով սահմանամերձ շրջանների առևտուրը, ստեղծելով համատեղ ներդրումային ծրագրերի նոր հնարավորություններ։

«Սահմանի բացման դեպքում ճանապարհային ծախսը գրեթե ոչինչ է դառնում։ Իրար հետ ծրագրեր իրականացնելը դառնում է անհրաժեշտություն։ Միշտ կգտնվեն ապրանքներ, արտադրություններ և ծառայություններ, որոնք մի երկրում ավելի զարգացած են, մյուսում՝ ավելի քիչ, և դրանք պետք է լրացնեն միմյանց»,- նշեց բանախոսը։

Ղազարյանը հատկապես կարևորեց Վանի և Իգդիրի գործարարների մասնակցությունը համաժողովին։ Նրա խոսքով՝ բաց սահմանի պայմաններում այդ շրջաններից Երևան կամ Գյումրի հասնելը շատ ավելի արագ և դյուրին կլիներ։

ՀԱԳՄ նախագահը թուրք գործարարներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել երկկողմ ձևաչափով (B2B) հանդիպումներին, ուսումնասիրել փոխադարձ ներդրումային հնարավորություններն ու տեղական գործընկերներ գտնել։

«Դուք շատ ժամանակին եք եկել Հայաստան, որովհետև պետք է օգտվել առիթից, նոր հարաբերություններ ստեղծելու նախադեպ ձևավորել, գործընկերներ ունենալ և շուկայում աշխատել»,- նշեց նա։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հավաստիացրեց, որ Եվրոպական միությունը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, գործարար կապերի ձևավորմանը, ինչպես նաև տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցությունների զարգացմանը։

Նրա խոսքով՝ հայ և թուրք գործարարների՝ Երևանում նույն հարթակում հանդիպելը կարևոր ազդակ է ոչ միայն երկու երկրների, այլև Բրյուսելի համար։

Վասիլիս Մարագոսը շեշտեց, որ տարածաշրջանում խաղաղության և հարաբերությունների կարգավորումը կարող է բերել նոր ներդրումների, կայունության և տնտեսական հնարավորությունների։

ԵՄ պատվիրակության ղեկավարը ներկայացրեց նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերջին զարգացումները՝ առանձնացնելով մասնավոր հատվածին և տարածաշրջանային կապակցվածությանը տրամադրվող աջակցությունը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն պատրաստվում է աջակցել Հայաստանի և եվրոպական մասնավոր հատվածների ներդրումային ծրագրերին։ ԵՄ պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց, որ միայն նախորդ տարի ԵՄ-ն Հայաստանի մասնավոր հատվածին տրամադրել է ավելի քան 200 միլիոն եվրոյի աջակցություն, ինչի արդյունքում, ըստ նրա, ստեղծվել է ավելի քան 20 հազար աշխատատեղ։

Կապակցվածության ոլորտում ԵՄ-ն նախատեսում է աջակցել Հայաստանի երեք նոր սահմանային անցակետերի կառուցմանը կամ արդիականացմանը։ Մասնավորապես շեշտադրվեց Մարգարայի անցակետի արդիականացման հնարավորությունը, Ախուրիկի անցակետի վերականգնումը, ինչպես նաև Երասխի ուղղությունը։

ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծեց, որ տարածաշրջանային կապակցվածությունը միայն ճանապարհների և սահմանային ենթակառուցվածքների հարց չէ։ Հեռանկարային ուղղությունների թվում են նաև էներգետիկան, էլեկտրաէներգիայի փոխանակումը, վերականգնվող էներգիան, էլեկտրացանցերի արդիականացումն ու էներգիայի կուտակման համակարգերը։

Վասիլիս Մարագոսն անդրադարձավ նաև ԵՄ շուկա հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններին՝ նշելով, որ ԵՄ անդամ պետությունները առանց փոփոխությունների հաստատել են հայկական արտադրանքի արտոնյալ արտահանմանն ուղղված Եվրոպական հանձնաժողովի առաջարկը։ Նրա խոսքով՝ առաջիկայում ակնկալվում է նաև Եվրոպական խորհրդարանի հաստատումը։

Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերի զարգացման համար կոնկրետ նախաձեռնությամբ հանդես եկավ Վանի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Նեջդեթ Թաքվանը։ Նա հայտարարեց, որ Վանի առևտրաարդյունաբերական պալատը պատրաստ է իր ծառայողական շենքում տարածք տրամադրել այնպիսի ներկայացուցչության ստեղծման համար, որը տեղում կհամակարգի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման արդյունքում ձևավորվող տնտեսական կապերն ու առևտրային հարցերը։

«Կարգավորման գործընթացի արդյունքում առաջացող տնտեսական հարաբերությունները, համակարգումը և առևտրային հարցերը տեղում կառավարելու համար մենք Վանում համապատասխան ներկայացուցչության ստեղծումը դիտարկում ենք որպես ռազմավարական անհրաժեշտություն»,- նշեց Նեջդեթ Թաքվանը։

Նա ընդգծեց, որ Վանի պատվիրակությունը Հայաստան է ժամանել ոչ թե Թուրքիայի ազգային քաղաքականությունը ներկայացնելու, այլ Վանի և տեղի գործարարների տնտեսական շահերն ու հնարավորությունները ներկայացնելու նպատակով։

Թաքվանի խոսքով՝ սահմանի բացումը կարող է արմատապես փոխել երկու երկրների սահմանամերձ շրջանների տնտեսական հարաբերությունների տրամաբանությունը։ Նրա ներկայացմամբ՝ սահմանային անցակետերը բացելու դեպքում Վան-Երևան ավտոճանապարհային հեռավորությունը կարող է կազմել մոտ 290 կիլոմետր, իսկ ճանապարհը հնարավոր կլինի անցնել շուրջ 3-4 ժամում։ Նեջդեթ Թաքվանի խոսքով՝ այդ դեպքում Վրաստանի կամ Իրանի տարածքով իրականացվող երկարատև շրջանցիկ փոխադրումները և դրանց հետ կապված լրացուցիչ ծախսերը կարող են վերանալ։

Վանի պալատի նախագահը Հայաստան-Թուրքիա տնտեսական համագործակցության կարևոր ուղղություն համարեց երկու երկրների արտադրական կարողությունների փոխլրացումը։ Նրա խոսքով՝ Վանի կազմակերպված արդյունաբերական գոտու արտադրանքը՝ շինանյութերը, շինարարական քիմիական նյութերը, պլաստմասսան, փաթեթավորման նյութերը, կահույքն ու վերամշակող արդյունաբերության արտադրանքը, կարող են պահանջարկ ունենալ Հայաստանում։ Միաժամանակ նա ընդգծեց Հայաստանի մրցակցային հնարավորությունները, մասնավորապես, մետալուրգիայի և տեքստիլի ոլորտներում։ «Սա մրցակցություն չէ։ Իրականում սա նշանակում է, որ երկու հարևան երկրների արդյունաբերությունները կարող են լրացնել միմյանց»,- ընդգծեց Նեջդեթ Թաքվանը։

Նա հայ և թուրք գործարարներին առաջարկեց դիտարկել ոչ միայն առևտրի, այլև համատեղ արտադրությունների և գործընկերությունների ստեղծման հնարավորությունը։

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին «Հայաստան-Թուրքիա տրանսպորտային հաղորդակցությունների հնարավորություններն ու առկա խոչընդոտները» հետազոտության արդյունքները։ Հայաստանի տրանսպորտի ոլորտի գործատուների միության նախագահ Իրինա Բելուբեկյանի նեկայացմամբ՝ նպատակ է հետապնդվել ուսումնասիրել տրանսպորտային, առևտրային և մաքսային քաղաքականությունը, բացահայտել իրավական, կարգավորող և ինստիտուցիոնալ խոչընդոտները, գնահատել ենթակառուցվածքների պատրաստվածությունը և անհրաժեշտ ներդրումները, դիտարկել սահմանների բացման տարբեր սցենարները, հասկանալ Հայաստանի դերը Միջին միջանցքում և Վրաստանի ու Իրանի այլընտրանքային երթուղիներում, մշակել գործնական առաջարկություններ և շահերի պաշտպանության ճանապարհային քարտեզ։

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի, Վանի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Նեջդեթ Թաքվանի, Իգդիրի արտադրողների միության նախագահ Զիյա Յիգիթի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի Աշխարհատնտեսագիտական կենտրոնի տնօրեն Ֆերիդե Թաքվայի մասնակցությամբ անցկացվեց «Հայաստան-Թուրքիա տնտեսական համագործակցություն․ հաջորդ քայլերը» թեմայով պանելային քննարկում, որի ընթացքում բանախոսները պատասխանեցին ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին։

Կայացան նաև հայ և թուրք գործարարների երկկողմ B2B հանդիպումներ, առանձին գործարար շփումներ կազմակերպվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչների միջև։

Համաժողովի շրջանակում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Վանի առևտրի և արդյունաբերության պալատի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։

Միջոցառման արդյունքում ձևավորվեց Հայաստանի և Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի ընկերությունների համագործակցության հարթակ։

Համաժողովի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 4-ին, միջոցառումները կշարունակվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO կենտրոնի կողմից կազմակերպված Armenia Expo 2026-ի շրջանակում։

Leave a reply