Նպատակն է գործարար կապեր հաստատել հայ և թուրք գործընկերների միջև

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, ինչպես նաև Հրանտ Դինք ու Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամների կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում հայկական տարբեր ընկերություններ ներկայացնող 16 գործարար հունիսի 29-30-ը այցելել են Թուրքիայի արևելյան շրջաններ՝ Իգդիր և Վան: Այցի ընթացքում հայ և թուրք գործարարների հանդիպումներ են տեղի ունեցել Իգդիրի և Վանի առևտրաարդյունաբերական պալատներում, կազմակերպվել է այցելություն Իգդիրի արդյունաբերական գոտի, որտեղ դիտարկվել են առևտրի, ներդրումների և միջսահմանային գործարար համագործակցության հնարավորությունները: Շինարարության, ծաղկաբուծության, իրավաբանական ծառայությունների, տեքստիլի, ջրի, հյութերի, սուրճի, կաթնամթերքի, ալյումինի արտադրությունների և այլ ոլորտների ներկայացուցիչները մասնակցել են նաև B2B ձևաչափով բանակցությունների։

Ըստ ՀԱԳՄ ծրագրերի ղեկավար Արթուր Ղազարյանի՝ հանդիպումների նպատակն էր հաստատել գործարար կապեր թուրք գործընկերների հետ, ուսումնասիրել ապագա համագործակցության հնարավորությունները, քննարկել միջսահմանային գործարար կապերի և գործընկերության ամրապնդման հնարավորությունները: Նրա խոսքով՝ ՀԱԳՄ-ն 1990-ական թվականներից ի վեր աշխատում է Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։ Այս երկար գործընթացում եղել են ինչպես դրական զարգացումներ, այնպես էլ խոչընդոտներ։ Չնայած երկու երկրների միջև պաշտոնական գործարար հարաբերությունների բացակայությանը, ոչ պաշտոնական գործարար կապերը շարունակում էին գոյություն ունենալ։ Արթուր Ղազարյանի համոզմամբ՝ ներքևից վերև նախաձեռնությունների միջոցով գործարարները կարող են կարևոր դեր խաղալ երկկողմ հարաբերությունների բարելավման, սահմանների բացմանը նպաստելու գործում։ Այս առումով նա ընդգծել է Թուրքիայի՝ Հայաստանին ամենամոտ գտնվող շրջանների հետ գործակցելու վրա կենտրոնանալու կարևորությունը։

Իրենց հերթին սահմանների բացումը մեծապես կարևորել են նաև Իգդիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քամիլ Արսլանը և Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվանը։ Քամիլ Արսլանի կարծիքով՝ առևտրային հարաբերությունները կարող են հետագայում զարգանալ, հատկապես՝ սահմանի բացումից հետո, քանի որ Վրաստանով անցնող ներկայիս ճանապարհը ստեղծում է լրացուցիչ լոգիստիկ խոչընդոտներ և սահմանափակում տնտեսական համագործակցության ներուժը: Նա հույս է հայտնել, որ սահմանը շուտով կբացվի, առնվազն՝ երրորդ երկրների ներկայացուցիչների և տնտեսական նպատակներով ճանապարհորդող գործարարների համար, ինչին իրենք մեծ նշանակություն են տալիս:

Ընդգծելով համագործակցելու իրենց պատրաստակամությունը՝ Նեջդեթ Թաքվանը նշել է, որ ՎԱԱՊ–ն Հայաստանը միշտ դիտարկել է որպես տնտեսական համագործակցության պոտենցիալ գործընկեր, և ներկայում էլ պատրաստ է աջակցել երկու երկրների գործարարների միջև երկխոսությանը:

Կողմերն ընդգծել են փոխգործակցության նկատմամբ հստակ հետաքրքրության առկայությունը, տնտեսական կապերը խթանող համապատասխան հարթակի ստեղծման, առաջիկայում երկկողմ համագործակցության հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը։

ՀԱԳՄ ծրագրերի ղեկավարը թուրք գործարարներին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 3-4-ը Երևանում կայանալիք հայ–թուրքական գործարար համաժողովին։

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Leave a reply