
Երևանում մեկնարկեց Armenia EXPO 2026-ը․ ցուցահանդեսին մասնակցում է 9 երկրի ավելի քան 150 ընկերություն
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 4-ին հանդիսավորությամբ մեկնարկեց Armenia EXPO 2026 միջազգային 25-րդ ունիվերսալ առևտրաարդյունաբերական եռօրյա ցուցահանդեսը։
Հոբելյանական ցուցահանդեսն այս տարի անցկացվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) ստեղծման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Armenia EXPO-ն արդեն 25 տարի մեկ հարթակում է համախմբում Հայաստանի և արտերկրի տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներին՝ նպաստելով գործարար կապերի, նոր գործընկերությունների և շուկաների ձևավորմանը։
Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իտալիայի, Բելառուսի և Էստոնիայի ընկերություններ։ Ընդհանուր առմամբ ներկայացված է ավելի քան 150 ընկերություն։
«25 տարի շարունակ մեկտեղ հավաքում ենք Հայաստանի և արտերկրի տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին՝ ներկայացնելու իրենց արդյունքները, հավակնոտ ծրագրերը, փորձելու այս հարթակում գտնել նոր գործընկերներ, նոր շուկաներ»,-նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը՝ բացման առիթով շնորհավորելով ներկաներին և ցուցահանդեսի մասնակիցներին։
Նրա խոսքով՝ այս տարի ցուցահանդեսի ինը երկրների ավելի քան 150 ընկերությունների մասնակցությունը վկայում է, որ միջոցառումը 25 տարվա ընթացքում դարձել է սպասված և արդյունավետ հարթակ։
«Ցուցահանդեսի ներկայացուցչականությունը վկայում է այն մասին, որ այն 25 տարվա ընթացքում եղել է սպասված, և մի հարթակ է, որտեղ գործարարը փորձում է ինքնահաստատել իր ծրագրերը, գտնել նոր գործընկերներ»,- ասաց ՀԱԳՄ նախագահը՝ մասնակիցներին մաղթելով արդյունավետ հանդիպումներ և կոնկրետ բիզնես ծրագրերի իրականացում։
«Շատ հաճելի է, որ որպես նորանշանակ էկոնոմիկայի նախարարի տեղակալ իմ առաջին պաշտոնական միջոցառումը Armenia Expo 2026-ի բացումն է»,- ողջույնի իր խոսքում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը։ Նա կարևորեց այն հանգամանքը, որ այս տարի միաժամանակ նշվում են երկու հոբելյաններ՝ ՀԱԳՄ-ի հիմնադրման 30-ամյակը և Armenia EXPO-ի գործունեության 25-ամյակը։
«Ողջունում և շնորհավորում եմ բոլորին անցած այս հիանալի ճանապարհի համար։ Իրականում այդ ճանապարհը հավաստում է, թե ինչքան մեծ ջանք է գործադրվել, որպեսզի մենք հասնենք այս արդյունքներին»,- նշեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ պետության տեսլականը շատ հստակ է՝ ստեղծել նորարար, ստեղծագործ, արդյունավետ և արտահանմանն ուղղված արդյունաբերություն։
Նախարարի տեղակալը նաև առանձնահատուկ ողջուն հղեց միջազգային գործընկերներին և ներդրողներին՝ ընդգծելով, որ Հայաստանը բաց է տնտեսական համագործակցության համար։
«Հայաստանի Հանրապետությունը բաց է և պատրաստ է աջակցել, որպեսզի միասին ստեղծենք մեր երկրի տնտեսության ապագան»,- նշեց Տիգրան Գասպարյանը՝ ցուցահանդեսին մաղթելով հաջող մեկնարկ։
Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Սարվար Քամալ Հավարին, շնորհավորելով Armenia EXPO 2026-ի բացման կապակցությամբ, նշեց, որ մեծ պատիվ է Երևանում ներկայացնել Քուրդիստանի տարածաշրջանից ժամանած մեծ թվով գործարարների։
«Նման ցուցահանդեսներն արժեքավոր հարթակ են ստեղծում գործարարների համար և հնարավորություններ բացում տարածաշրջանում հարաբերություններ ստեղծելու առումով»,- ասաց Հավարին։
Նա համոզմունք հայտնեց, որ նման հարթակների միջոցով կարող են ձևավորվել նոր գործարար կապեր ու համագործակցության հնարավորություններ։
Քուրդիստանի տարածաշրջանի կառավարության անունից ցուցահանդեսի մասնակիցներին ողջույնի խոսք հղեց Իրաքի ներմուծումների և արտահանողների միության Քուրդիստանի տարածաշրջանային վարչության նախագահ Շեյխ Մուսթավա Աբդուլան։
«Մեծ ուրախությամբ ուզում եմ ձեզ ողջունել այստեղ։ Շատ ուրախ ենք այսօր Երևանում գտնվելու համար»,- նշեց նա՝ ցուցահանդեսին մաղթելով հաջողություն, իսկ մասնակիցներին՝ արդյունավետ հանդիպումներ։
Armenia EXPO 2026-ին առանձին տաղավարով ներկայացված է նաև Իրանի Արազ ազատ տնտեսական գոտին։ Գոտու գլխավոր տնօրեն Հադիդ Մոհադզադեն նշեց, որ իրենք ուրախ են մասնակցելու ցուցահանդեսին և ակնկալում են զարգացնել համագործակցությունը։
Հադիդ Մոհադզադեի խոսքով՝ Իրանը հնարավորությունների երկիր է, և այդ հնարավորությունները չեն սահմանափակվում միայն Իրանի տարածքով․ դրանցից կարող են օգտվել նաև հարևան երկրները։ «Պարզապես հարկավոր է, որ ճիշտ սխեմայով և ճարտարապետությամբ ստեղծվի տնտեսական համագործակցություն»,- նշեց նա։
Հադիդ Մոհադզադեն հատկապես կարևորեց գոտու աշխարհագրական դիրքը։ Արազը գտնվում է Իրանի հյուսիսային հատվածում՝ Հայաստանի սահմանին մոտ։ Նրա խոսքով՝ գոտին ունի բարենպաստ տնտեսական և աշխարհաքաղաքական պայմաններ և կարող է հարմար հարթակ դառնալ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական կապերի զարգացման համար։
ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ինեսա Կուդրուկը ողջունելով ներկաներին՝ ներկայացեց ցուցահանդեսին մասնակցող բելառուսական ընկերություններին։
«Սա, իրոք, արդյունավետ հարթակ է Հայաստանի և այլ երկրների առևտրատնտեսական հարաբերությունների խորացման համար»,-նշեց Ինեսա Կուդրուկը։ Նա հույս հայտնեց, որ հոբելյանական ցուցահանդեսը լրացուցիչ խթան կհաղորդի այդ կապերի զարգացմանը։
Armenia EXPO 2026-ի շրջանակում իր աշխատանքը շարունակվեց նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 3-ին Երևանում մեկնարկած գործարար համաժողովը։
«Մենք Թուրքիայից ժամանել ենք Վանի առևտրի և արդյունաբերության պալատի 80 հոգանոց պատվիրակությամբ և այստեղ ենք գտնվում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հրավերով»,- իր խոսքում նշեց Վանի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Նեջդեթ Թաքվանը։ Նրա հավաստմամբ՝ պատվիրակությունը երկու օրվա ընթացքում Հայաստանում ստացել է ջերմ հյուրընկալություն։
Անդրադառնալով ցուցահանդեսին` նա ընդգծեց, որ մասնակցում են բազմաթիվ տաղավարներ, որտեղ ընկերությունները ներկայացնում են իրենց աշխատանքը՝ ակնկալելով գտնել համագործակցության նոր հնարավորություններ, գործընկերային կապեր։
Նեջդեթ Թաքվանը հատուկ շնորհավորանքներ հղեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը՝ գործունեության 30-ամյակի, ինչպես նաև Armenia EXPO-ին՝ 25-րդ տարեդարձի կապակցությամբ։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և LOGOS EXPO կենտրոնի կողմից կազմակերպված Armenia EXPO 2026 միջազգային 25-րդ ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 6-ը։












