
Հայ և թուրք գործարարները հանդիպել են Կարսում
Կարսում հունիսի 2-ին տեղի է ունեցել ներկայացուցչական հանդիպում Թուրքիայի և Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև՝ B2B բանակցությունների ձևաչափով։ Միջոցառումն անցկացվել է Թուրքիայի ու Հայաստանի արտգործնախարարությունների, ինչպես նաև Թուրքիայի պալատների և ապրանքային բորսաների միության (TOBB) աջակցությամբ։
Կազմակերպիչը Կարսի առևտրաարդյունաբերական պալատն էր։ Ծրագրի շրջանակում թուրք և հայ գործարարներն առաջին անգամ նման մակարդակով հավաքվել են մեկ սեղանի շուրջ՝ հնարավոր համատեղ նախագծերը, նոր ներդրումները և տնտեսական համագործակցության ուղղությունները քննարկելու համար։ Ըստ կազմակերպիչների՝ հանդիպումն ուղղված էր երկու երկրների բիզնեսի միջև ուղղակի շփումների զարգացմանը և երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացների ֆոնին կայուն տնտեսական կապերի ձևավորմանը։
Հանդիպման ընթացքում երկու երկրների գործարար համայնքները, որոնք ներկայացնում էին սննդամթերքի, խմիչքների, շշալցված ջրի, հյութերի, մրգերի, ծխախոտի, շինարարության, զբոսաշրջության, ծաղկի արտադրության և այլ ոլորտները, ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ոլորտում համագործակցության զգալի ներուժը, մտքեր փոխանակել ապագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ։
Բանակցությունների ընթացքում քննարկվել է ուղղությունների լայն շրջանակ, դրանց թվում՝ առևտուրը, լոգիստիկան, տրանսպորտային ենթակառուցվածքները, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերական արտադրությունը, էներգետիկան և ծառայությունների ոլորտը։ Հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտային կապվածության ընդլայնման և երկրների միջև ու տարածաշրջանով (Հարավային Կովկասով) անցնող լոգիստիկ երթուղիների պարզեցման հարցերին։
Կարսի կողմը ներկայացրել է տարածաշրջանի հնարավորությունները գյուղատնտեսության և արտադրանքի վերամշակման ոլորտում, ներառյալ հայտնի բրենդները՝ Kars Kaşarı (կարսի պանիր), Kars Gravyeri (կարսի գրյուեր) և Kars Balı (կարսի մեղր)։
Հայ մասնակիցները նշել են իրենց հետաքրքրությունն արդյունաբերության, սննդի ոլորտի, տեխնոլոգիաների և զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման հանդեպ։ Ընդգծվել է, որ երկու տնտեսությունները օժտված են միմյանց լրացնող ներուժով. մի կողմն ունի արտադրական և հումքային ռեսուրսներ, մյուսը՝ վերամշակման, լոգիստիկայի ու արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորություններ։ Հանդիպման մասնակիցները համոզմունք են հայտնել, որ ճիշտ համակարգման դեպքում դա կարող է հիմք ստեղծել երկարաժամկետ տնտեսական գործընկերության համար։
Առանձին քննարկվել է զբոսաշրջության ոլորտը։ Նշվել է, որ այնպիսի օբյեկտներ ներառող երթուղիների համատեղ զարգացումը, ինչպիսիք են մասնավորապես՝ Անի հնագույն քաղաքը և Հայաստանի պատմական տեսարժան վայրերը, կարող է ձևավորել նոր անդրսահմանային զբոսաշրջային ուղղություններ ու մեծացնել ճանապարհորդների հոսքը դեպի տարածաշրջան։
Բարձրացվել է նաև տրանսպորտային ենթակառուցվածքների հարցը։ Ընդգծվել են ավտոմոբիլային և երկաթուղային կապերի զարգացման կարևորությունը, ներառյալ սահմանային անցակետերի բացման և լոգիստիկ երթուղիների վերականգնման հեռանկարը, ինչը կարող է էապես բարձրացնել տարածաշրջանի տնտեսական ակտիվությունը։
Պաշտոնական մասին հաջորդել են փակ B2B ձևաչափով հանդիպումները, որոնց ընթացքում երկու երկրների գործարարները քննարկել են հնարավոր ներդրումային նախագծերը և համագործակցության ուղղությունները մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ սննդի արդյունաբերության, տեքստիլի, շինարարության, զբոսաշրջության և տեխնոլոգիաների մեջ։
Միջոցառման արդյունքներով մասնակիցները հույս են հայտնել, որ հանդիպումը ելակետ կդառնա Թուրքիայի ու Հայաստանի գործարար համայնքների միջև պարբերական երկխոսության համար և մոտ ապագայում կհանգեցնի հստակ համատեղ նախագծերի հայտնվելուն։





