
Մեկնարկել է «ՀԱԳՄ-ը կանաչ անցման համար. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և առաջնորդություն ՇՄՍԿ (ESG) քաղաքականության ներդրման գործընթացում» ծրագիրը
Մեկնարկել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից իրականացվող «ՀԱԳՄ-ը կանաչ անցման համար. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և առաջնորդություն ՇՄՍԿ (ESG) քաղաքականության ներդրման գործընթացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Դանիայի Արդյունաբերողների կոնֆեդերացիայի (DI) և Դանիայի ԱԳՆ-ի կողմից՝ «Նոր ժողովրդավարության հիմնադրամ» նախաձեռնության շրջանակներում։
Ծրագրի նպատակն է տրամադրել շրջակա միջավայրի և սոցիալական կառավարման (ՇՄՍԿ) հարցերի վերաբերյալ ուսուցում և խորհրդատվական ծառայություններ, նպաստել կլիմայական դիմադրողականության վերաբերյալ ազգային երկխոսությանը, խթանել միջոլորտային և տարածաշրջանային գիտելիքներով փոխանակումը: Այն կոչված է նպաստելու գործարար միջավայրում ՇՄՍԿ սկզբունքների կիրառմանը՝ ապահովելով հայաստանյան ընկերությունների կարողությունների ամրապնդումը և կայուն զարգացումը, ինչպես նաև մրցունակության բարձրացումը: Նախատեսվում է, որ առաջին փուլում առավել խորացված անդրադարձ կատարել գինու արտադրության ոլորտին: Կուսումնասիրվեն գինեգործությամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը ՇՄՍԿ տեսանկյունից՝ շրջակա միջավայր, սոցիալական և կառավարման բաղադրիչներ:
Ծրագրի շրջանակներում անդրանիկ դասընթացը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություննում տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին, որին իրենց մասնակցությունն էին բերել նաև Դանիայի Արդյունաբերողների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները՝ զարգացման քաղաքականության և գործընկերության ավագ խորհրդատու Փիթեր Հելքին և խորհրդատու Սիգնե Սոորենսնին։
Փիթեր Հելքին դասընթացի մասնակիցներին ներկայացրեց իրենց կազմակերպության գործունեության ընդհանուր ուղղությունները, հանգամանալի անդրադարձավ ՇՄՍԿ քաղաքականության եվրոպական փորձին, այդ ուղղությամբ DI–ի կողմից իրականացվող ծրագրերին։
«ՀԱԳՄ-ը կանաչ անցման համար. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և առաջնորդություն ՇՄՍԿ (ESG) քաղաքականության ներդրման գործընթացում» ծրագրի ղեկավար Միքայել Թևոսյանը ներկայացրեց նախաձեռնության գլխավոր նպատակներն ու խնդիրները, ՇՄՍԿ էությունն ու բաղադրիչները, դրանց կիրառման միջազգային փորձը, տեղայնացման առանձնահատկություններն ու խնդիրները, պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին։
Մասնակիցները քննարկեցին ու պայմանավորվածություններ ձեռք բերեցին առաջիկա անելիքների վերաբերյալ։






