
Քննարկվեցին տնտեսական զարգացման ռազմավարությանն առնչվող հարցեր
Տնտեսական զարգացման ռազմավարությանն առնչվող հարցերի քննարկման, գործարարների առջև ծառացած արդի հիմնախնդիրները վերհանելու նպատակն էր հետապնդում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում ապրիլի 4-ին հրավիրված աշխատաժողովը, որին մասնակցեցին ՀԱԳՄ–ի, Առևտրի միջազգային պալատի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարությունն ու փորձագետները, գիտական շրջանակների ներկայացուցիչներ։
Միության նախագահ Արսեն Ղազարյանը կարևորելով նման նախաձեռնությունները, ներկայացրեց նախկինում այդպիսի ձևաչափով արված աշխատանքները, մասնավորապես ընդգծեց այն անմիջական ու արդյունավետ մասնակցությունը, որ գործարար ոլորտի հասարակական կառույցներն ունեցել են ՀՀ հարկային օրենսգրքի ձևավորման ու ընդունունման ժամանակ։ Նրա խոսքով՝ այժմ, երբ տնտեսական ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը ենթարկվում է շարունակական փոփոխությունների, երբ պաշտոնական բարձրագույն օղակներից խոսվում է նոր բարեփոխումների, ընդհուպ մինչև նոր հարկային օրենսգրքի ընդումնան հնարավորությունների մասին, գործարար համայնքն իրավունք չունի լռելու, պետք է փութաջանորեն վեր հանի կուտակված հիմնախնդիրները, համակարգի, լուծումներ առաջադրի և փորձի կառուցողաբար երկխոսել պետական ատյանների հետ։
Ներկայացուցչական աշխատաժողովի մասնակիցները, ողջունելով համանման քննարկումների կազմակերպումը, հանգամանալի ներկայացրին իրենց գնահատականներն ու վերլուծությունները։ Ընդհանրական կարծիք հնչեց, որ տնտեսական ոլորտին առնչվող օրենքների հաճախակի փոփոխությունները բացասական են անդրադառնում գործարար միջավայրի, ներդրումային մթնոլորտի, հեռագնա ծրագերի կազմման առումով, ուստի ցանկացած նոր օրենսդրական միջամտություն պետք է լինի խիստ պատճառաբանված, հիմնավորված, երկարաժամկետ ազդեցության տեսանկյունից վերլուծված։ Կարևորվեց երկրի տնտեսական զարգացման հստակ տեսլականի առկայությունը, առանց որի ինքնանպատակ են դառնում այս կամ այն ոլորտը կարգավորող օրենքները, վերածվելով տվյալ պահի վարչարարությունն ապահովող գործիքների։ Ըստ բանախոսների՝ առաջնահերթությունների սահմանումով արդիականություն է ստանում ոլորտային ռազմավարությունների առկայությունը, որոնք կբխեն ներքին իրական ներուժից և կունենան կարճաժամկետ, միջնաժամկետ ու հեռագնա հստակ քայլերի հաջորդականություն։
Քաջ գիտակցելով հարկային վարչարարության կարևորությունը, բյուջեի ապահովմանն ուղղված միջոցառումները, գործարարները միաժամանակ ընդգծեցին այնպիսի օրենքների մշակման անհրաժեշտությունը, որոնք միտված կլինեն տնտեսության ակտիվացմանը, ներդրումների ներգրավմանը, տեխնոլոգիական զարգացմանը, կխթանեն արտահանմանը միտված ճյուղերը, մրցունակության ու որակական չափանիշների բարձրացումը։
Ընդգծվեց ընդունվող ճյուղային ռազմավարությունների շարունակականության կաևորությունը, դրանք իրականացնող ինստիտուցիոնալ կառույցների անհրաժեշտությունը, կադրային քաղաքականության բացակայությունը։
Մասնակիցները նպատակահարմար գտան սերտացնել պետություն–մասնավոր կապը, ապահովել ոլորտային հասարակական կազմակերպությունների ջանքերի հետագա համախմբում։ Որոշվեց հնչած գաղափարները ամբողջացնելու, փաստաթղթավորելու, տարբեր ոլորտներում առկա հիմնահարցերը վերհանելու նպատակով համանման աշխատաժողովները դարձնել պարբերական։







