USAID – ՀԱՅԱՍՏԱՆ

Հունիսի 25-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) մի խումբ փորձագետներին ընդունեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը և Գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը: Հյուրերը հատկապես հետաքրքրված էին Հայաստանի արտաքին հաղորդակցության ուղիների և բեռնափոխադրումների խնդիրներով:

Նշելով բեռնափոխադրումների դժվարին պռոբլեմները՝ «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերության նախագահ Նորայր Խաչատրյանը մասնավորեց՝ «Եվրոպան շուրջ 2000 կմ է հեռու, բայց բեռները Հայաստան են հասնում 15 օրում, իսկ Չինաստանից՝ 2 ամսում: «Փոթի» նավահանգստից բեռները հասնում են 10 օրից ավելի: Բնականաբար մեր բեռների ինքնարժեքը բարձրանում է, իսկ բիզնեսները դրսում դառնում են անմրցունակ»:

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը նշեց, որ արտահանումների և ներկրումների հիմնական խոչընդոտներից մեկը Լարսի գործոնն է, երբ հայաստանյան մեքենաները կիլոմետրերով հերթի են սպասում: Միաժամանակ՝ հայ գործարարները վճարում են նաև գնացքի վագոնների դատարկ վերադարձի համար, որն իր հերթին է թանկացնում ապրանքի ինքնարժեքը:

«ԼԻԿՎՈՐ» ընկերության տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում բանկերը տնտեսության զարգացումը չեն երաշխավորում:

Խոսելով Ամերիկյան շուկա դուրս գալու դժվարությունների մասին՝ «ՆՈՅԱՆ» ընկերության տնօրեն Վահե Ղազարյանը փաստարկեց ճանապարհի հեռավորությունը և հայ գործարարների մրցակցային սակավ առավելությունների հանգամանքը:

Քննարկվող խնդրո առարկա մտահոգությունները համակարգեց և ընդհանրացրեց «B-D-O ARMENIA» ընկերություն, Գործընկեր և հարկային ծառայության բաժնի ղեկավար Ահարոն Չիլինգարյանը:

Leave a reply