
Sevan Startup Summit 2024-ի շրջանակում կայացավ «Էներգետիկ վերափոխում և ձեռներեցություն» միջազգային համաժողովը
2022 թվականին Հայաստանը որդեգրեց էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացված մոդելը, որն էական ազդեցություն ունեցավ էլեկտրաէներգիայի արտադրության, այս ոլորտում ներդրումների աճի վրա։ Այնուամենայնիվ, համակարգի ընդհանուր ոչ բավարար զարգացվածությունը, թվայնացման անբավարար աստիճանը, փոխանցման, բաշխման, շուկայական մինչև վերջ չձևավորված կարգավորումներն ազդում են արտադրության հետագա ծավալման վրա: Այս և ոլոտին առնչվող բազմաթիվ հարցեր քննարկվեցին հուլիսի 22-ին մեկնարկած Sevan Startup Summit 2024-ի շրջանակում կազմակերպված «Էներգետիկ վերափոխում և ձեռներեցություն» երկօրյա միջազգային համաժողովի ընթացքում։
«Երբ գործընկերների հետ քննարկում էինք յուրաքանչյուր տարի հուլիսի երկրորդ կեսին անցկացվող Sevan Startup Summit–ի շրջանակում ինչ խնդիրների անդրադառնանք, որոնք ձևաչափով լինեին սթարթափային, բայց նաև երկրի համար կարևոր տնտեսական ազդեցություն ունեցող, նոր զարգացումներ բերող, արժեք ստեղծող, եկանք այն մտքին, որ Հայաստանում էներգետիկ անցման թեմատիկան ընդհանրապես գիտակցված չէ և չկա այդ ուղղության մասին ամբողջական պատկերացում թե բիզնես դաշտում, թե պետական ու փորձագիտական համայնքում,–նշեց համաժողովի կազմակերպիչ, Shtigen Group–ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։– Ուստի որոշվեց կազմակերպել էներգետիկ անցման թեմայով քննարկում, որը միտված կլիներ նորարարությանն ու ձեռնարկատիրությանը։ Մրցակցությունը, կարգավորման արդյունավետությունը և ներմուծման-արտահանման գործընթացները կարևոր նշանակություն ունեն: Թեև արտադրված էլէկտրաէներգիայի փոխանցումը և բաշխումը որոշակիորեն կանոնակարգված են, սակայն այդ ոլորտներում ներդրումների հետագա խթանումը կենսական նշանակություն ունի անվտանգ զարգացման համար: Բացի այդ, փոխկապակցումների զարգացումը էական կարևորություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի, շուկայի և վերականգնվող էներգիայի աճի համար»։
Մասնագիտական համայնքի, պետական և միջազգային կառույցների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներն իրենց տեսակետները ներկայացրին արևային և հողմային էներգետիկայի, էլեկտրաէներգետիկ համակարգի կայացման ուղղությամբ, անդրադարձ եղավ արձանագրված խնդիրների օպտիմալ լուծումների միջազգային փորձին, հայաստանյան անելիքներին։ Իրենց երկրների փորձով կիսվեցին և մասնակիցների բազմաթիվ հարցերին պատասխանեցին Վրաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացման ասոցիացիայի (GREDA) գործադիր տնօրեն Մայա Մելիքիձեն և Չինաստանից NCEPU-ի պրոֆեսոր Վանգ Ֆեյը։
«Այն ինչ ներառել եք համաժողովի օրակարգում և քննարկում եք ՝ չափազանց կարոր և առօրեական է մեր կարևոր ուղղություններից մեկը հանդիսացող էներգետիկ ոլորտում»,–ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Ըստ նրա՝ կառավարության կողմից վարվող քաղաքականությունն այնպիսին է, որ վերականգնվող էներգետիկայի, հատկապես էներգետիկ վերափոխման ուղղությամբ պետք է մեծ աշխատանք տարվի։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ որդեգրված քաղաքականությունը խրախուսող է, ինչի արդյուքում էներգետիկ ընդհանուր հաշվեկշռում արևային էներգետիկայի մասնաբաժինը հասել է մոտ 13%։ Մյուս կողմից, ըստ նախարարի, արձանագրվող ծավալների աճը մի շարք առումներով մտորելու, քննարկելու, և որոշակի նորմատիվային ու իրավական կարգավորումներ մտցնելու կարիք է առաջ բերել։ Գնել Սանոսյանի հավաստմամբ՝ անհրաժեշտ վերափոխումներն ու կարգավորումներն իրենց երկար սպասեցնել չեն տա, որոնք կիրականացվեն մասնագիտական և գործարար համայքի ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում։
Անդրադառնալով բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրին՝ նախարարը նշեց, որ այն նախատեսվածից մեծ թվով շահառու է ընդգրկել, որոնց թիվը հասել է 13000–ի, իրականացվել է 30 մլդ դրամի վարկային ընդհանուր ծրագիր։
«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ակտիվ անդամներից Shtigen Group–ի նախաձեռնությամբ և հովանավորությամբ կազմակերպված համաժողովում բարձրացվեցին Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բոլոր ուղղություններին վերաբերող կարևոր խնդիրներ, այդ թվում՝ ոլորտի հետագա զարգացմանը, օրենսդրական բարեփոխումներին, կարգավորումներին վերաբերող, քննարկվեցին դրանց հետ առնչվող տեխնիկական, բնապահպանական, այլ հարցեր ևս,–նշեց ՀԱԳՄ առաջին փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։– Վերջերս Հայաստանը միացել է կովկասյան տարածաշրջանը Եվրապային կապող անդրսեվծովյան կաբելային խոշոր նախագծին, որով կարող ենք մեր վերականգնվող էներգետիկան արտահանել դեպի Եվրոպա։ էներգետիկ փոխանակումների, արտահանումների մեծ ներուժ կա տարածաշրջանում, մասնավորապես դեպի Վրաստան և Իրան։ Սակայն, ինչպես քանիցս նշվեց համաժողովի ընթացքում, կան նաև իրենց լուծումը պահանջող հիմնախնդիրներ՝ անհրաժեշտ հզորությունների առկայություն, օրենսդրական կարգավորումներ, չափորոշիչների համապատասխանեցում, որակյալ մասնագետների պակաս և այլն»։
Համաժողովի մասնակիցներն այցելեցին նաև կառուցման փուլում գտնվող Հայաստանի ամենամեծ՝ «Մասրիկ-1» արևային էլեկտրակայան (62 ՄՎտ), ծանոթացան տարվող աշխատանքներին, կիրառված տեխնոլոգիաներին։
Shtigen Group–ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանի գնահատմամբ՝ համաժողովի մասնակիցները ստացան հետաքրքիր մտորումների նյութ։ Որպես միջոցառման կազմակերպիչ՝ նա հավաստիացրեց, որ հետևողական են լինելու՝ աշխատելու բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ գործարար համայնքի հետ, որպեսզի մոտակա ժամանակահատվածում հնարավոր լինի շատ ավելի լավ լուծումներ ստանալ թե սպառողների, թե ձեռներեցների համար, ստեղծել նոր արժեք, զարգանալ առաջանցիկ տեմպերով և տարածաշրջանում գրավել արժանի տեղ։













