22-րդ անգամ իր դռները բացեց ArmProd EXPO 2024 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 18-ին 22-րդ անգամ իր դռները բացեց ArmProd EXPO 2024 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին իրենց մասնակցությունն են բերել հարյուրից ավելի ընկերություններ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից և Էստոնիայից։

«Քսաներկու տարի շարունակ Հայաստանի արդյունաբերողների և գործարաների միությունն ու Logos Expo կենտրոնը մի հարկի տակ են հավաքում Հայաստանի ու արերկրի սննդի ոլորտի արտադրական, վերամշակող, ծառայություններ մատոցող ընկերություններին, ինչը կարևոր քայլերից է մեր երկիրը պարենային անվտանգության ապահովման առումով ինքնաբավ դարձնելու հարցում»,–իր խոսքում նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Նրա գնահատմամբ՝ այսօր արդեն ունենք ոլորտներ, ընկերություններ, որոնք ոչ միայն հայկական շուկան են ապահովում, այլ նաև համարձակ արտահանման քայլեր են անում։ Ըստ Արսեն Ղազարյանի՝ ներկա ցուցահանդեսի առանձնահատկություններից մեկն այն է, որ մասնակիցների մեջ մեծ թիվ են կազմում փոքր և միջին ընկերությունները, որոնք ներկայացնելով իրենց ապրանքներն ու ծառայությունները, փորձում են նոր սպառման շուկաներ և գործընկերներ գտնել։

«Այս ցուցահանդեսը կարևոր հարթակ է հայրենական արտադրանքի ճանաչելիության բարձրացման, նոր կապերի ստեղծման ու ձևավորման համար»,– նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության համակարգերի զարգացման բաժնի պետ Մարթա Հովհաննիսյանը։ Իրենց գործունեության մեջ հաջողություն մաղթելով ցուցահանդեսի մասնակիցներին` նա հույս հայտնեց, որ հայաստանյան արտադրողները կկարողանան ներկայանալի լինել նաև այլ հարթակներում, նոր ուղիներ բացել հետագա ընթացքի և զարգացման համար։

Սննդի ոլորտի ամենատարբեր ցուցադրանքներին զուգահեռ, ցուցահանդեսում  ձևավորվել են նաև երեք առանձին ենթաբաժիններ՝ ալկոհոլային խմիչքների, մեղրի արտադրության և չրերի։

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 20-ը։

Leave a reply