Քննարկվեց պետություն-մասնավոր երկխոսության միջազգային և հայաստանյան փորձը

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը օգոստոսի 30-ին հանդիպեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Գործարար միջավայրի բարելավում ծրագրի տնօրեն Գայանե Դալլաքյանի և պետություն-մասնավոր կապի միջազգային փորձագետ Ջեյմս Բրյուի հետ։ Վերջինս, որ խորհրդատվական գործունեություն է ծավալել շուրջ երեք տասնյակ երկրում և Հայաստան է ժամանել International Development Group-ի երաշխավորությամբ, առաքելություն ունի ոլորտի միջազգային փորձը հաղորդելու ինչպես գործադիր իշխանության մարմիններին, այնպես էլ մասնավոր հատվածին։ Խնդիր է դրված նաև աջակցելու Գործարար միջավայրի բարելավում ծրագրի կողմից «Հայաստանում պետություն-մասնավոր երկխոսության գնահատում» զեկույցի պատրաստման աշխատանքներին։

ՀԱԳՄ անդամները ներկայացրեցին պետական կառույցների հետ գործարար համայնքի հաղորդակցման համար երկրում ձևավորված ավանդույթներն ու հարթակները, կարևորեցին այդ գործակցության արդյունավետության հետագա բարձրացումը, նոր հնարավորությունների ստեղծումը։

Ջեյմս Բրյուն հանգամանալի պատմեց պետություն-մասնավոր հատված երկխոսության միջազգային փորձից, այն կառույցներից ու գործիքակազմերից, որոնք գործում են տարբեր երկրներում։ Փորձագետը միաժամանակ նշեց, որ բոլոր դեպքերում որդեգրվող քաղաքականությունը և ձևաչափերը մեծապես պայմանավորված են տվյալ երկրում եղած առանձնահատկություններով։

Երկուստեք ընդգծվեց, որ փոխգործակցության արդյունավետությունը զգալիորեն պայմանավորված է թե՛ պետական կառույցների, թե՛ գործարարության կողմից այդ երկխոսության կարևորության գիտակցմամբ և գործադրվող ջանքերով։

Կողմերն անդրադարձան ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Գործարար միջավայրի բարելավում ծրագրի կողմից սեպտեմբերի 8-ին կազմակերպվելիք քննարկմանը, որի ընթացքում կներկայացվեն Հայաստանում առկա իրավիճակին վերաբերող զեկույցը, կլսվեն շահառու կողմերի կարծիքներն ու մոտեցումերը՝ փաստաթղթին ամբողջական տեսք հաղորդելու նպատակով։

Leave a reply