Քննարկվեցին հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները

Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման հնարավորությունները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Թավրիզի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ներկայացուցիչների՝ հուլիսի 4-ին կայացած հանդիպման ժամանակ։ Հայկական կողմը ներկայացնում էին ՀԱԳՄ փոխնախագահներ Ներսես Կարամանուկյանը և Արմեն Մարտիրոսյանը, իրանական պատվիրակության կազմում էին Պալատի խորհրդի ներկայացուցիչ և ներմուծման ու արտահանման հանձնաժողովի նախագահ Սայեդ Յոուսեֆ Հոսեինին, արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն Սահանդ Շահբազին, ինչպես նաև՝ Հայաստանում ԻԻՀ դեսպանության առևտրի կցորդ Ակբար Գոդարին։

Կողմերն անդրադարձան համատեղ գործակցության լայն շրջանակի, այդ թվում՝ համատեղ ձեռնարկությունների հիմնմանը, երկկողմ առեւտրաշրջանառության ընդլայնմանը, տարածաշրջանային համատեղ տնտեսական նախագծերին առնչվող հարցերի։ Իրանցի գործարարները ոչ միայն հայկական, այլև երրորդ երկրների շուկաների համար ունեն առաջարկվող ապրանքերի լայն ընտրանի՝ շինանյութ, չոր մրգեր, նավթարդյունաբերական արտադրանք, տեքստիլ, պատրաստի սննդամթերք, մետաղական իրեր, փայտյա կահույք, դեղագործական տեսականի, այլ։ Նրանց խոսքերով՝ Հայաստանն իրենք տեսնում են գործուն կամուրջ Եվրասիական տնտեսական միության երկրների հետ Իրանի առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման ու խորացման գործում։ ՀԱԳՄ ներկայցուցիչների հավաստմամբ՝ հայ գործարարները պատրաստ են սերտ համագործակցության թե երկկողմ, թե ԵԱՏՄ, թե այլ երրորդ երկրների շուկաներին միտված համատեղ ծրագրերի իրականացմանը։ Այս առումով երկուստեք ընդգծվեց բարեկարգ հաղորդակցական ուղիների անխափան գործունեության կարևորությունը։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում համատեղ կազմակերպել գործարար համաժողով, որի ընթացքում հայ և իրանցի գործարարներն անմիջականորեն կծանոթանան միմյանց հնարավորություններին, կփոխանակվեն անհրաժեշտ տեղեկություններով, կնախանշեն փոխգործակցության նոր ուղղություններ։

Leave a reply