
Քննարկվել են Հայաստան–Թուրքիա տրանսպորտային հաղորդակցության զարգացման հեռանկարներն ու խոչընդոտները
Նոյեմբերի 21-ին Երևանում տեղի է ունեցել «Հայաստան–Թուրքիա տրանսպորտային հաղորդակցությունը․ վերջին զարգացումները, հեռանկարներն ու առկա խոչընդոտները» խորագրով կլոր սեղան, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տրանսպորտային կապերի զարգացման հնարավորություններն ու ոլորտում առկա խնդիրները։
Միջոցառումը նախաձեռնել էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (ՀԱԳՄ)՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։
Կլոր սեղանի մասնակիցներին՝ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին և փորձագետներին, տրանսպորտային հաղորդակցության ներկայիս իրավիճակն ու զարգացման հնարավորությունները ներկայացրել է Հայաստանի տրանսպորտի ոլորտի գործատուների ճյուղային միության նախագահ, ծրագրի շրջանակում իրականացվող համապատասխան ուսումնասիրության պատասխանատու Իրինա Բելուբեկյանը։
Նա մանրամասն ներկայացրել է հետազոտության արդյունքները՝ անդրադառնալով Հայաստան–Թուրքիա տրանսպորտային հաղորդակցության ոլորտում առկա իրավիճակին, հնարավորություններին և զարգացման հեռանկարներին։
Քննարկման առանցքում են եղել տրանսպորտային երթուղիների մոդելավորումը, պիլոտային երթուղիների գործարկման, գործընկերային համագործակցության հնարավորությունները։ Մասնակիցներն անդրադարձել են նաև ոլորտում առկա խոչընդոտներին, առաջնահերթություններին և հետազոտական աշխատանքների արդյունքները գործնական քայլերի վերածելու հնարավոր ուղիներին։
Կազմակերպիչների գնահատմամբ՝ նմանատիպ քննարկումները կարևոր են ոչ միայն տեղեկատվության փոխանակման և մասնագիտական երկխոսության, այլև գործնական արդյունքների հասնելու տեսանկյունից։ Դրանք կարող են նպաստել Հայաստան–Թուրքիա տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը, միջսահմանային կապերի ամրապնդմանն ու գործարար համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը։





