Փոխադրող. ԵՏՀ պաշտոնյաներն առաջարկել են պարզեցնել Ռուսաստանից Հայաստան ալյումինի ներկրումը

Ռուսաստանից Հայաստան մշակման նպատակով ալյումին ներկրելիս բեռների զննման հետ կապված խնդիրներ էին առաջանում, որոնք մոտ ապագայում կարող են լուծվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ապավեն» հայկական տրանսպորտային ընկերության ներկայացուցիչ Սուրեն Ներսեսյանը:

Նրա խոսքով, Նովոռոսիյսկի նավահանգստում Ռուսաստանից Հայաստան տարանցում ձեւակերպելիս նավահանգստային մաքսային ծառայության աշխատակիցները յուրաքանչյուր բեռնարկղի զննում են պահանջում՝ յուրաքանչյուրի համար 240 դոլար պահանջելով:

Ոչ միայն դրամ, այլեւ ժամանակ է ծախսվում: Այս խնդիրն առաջանում է միայն ծովային բեռնափոխադրումների պարագայում (որում մասնագիտացած է Նովոռոսիյսկի նավահանգիստը), իսկ այդ ճանապարհով Ռուսաստանից Հայաստան միայն ալյումին են փոխադրում՝ մշակման նպատակով:

«Նովոռոսիյսկի հավահանգստային մաքսավորները պարզաբանում են, որ պետք է հաստատեն յուրաքանչյուր բեռնարկղի պարունակությունը: Բայց դրա համար ժամանակ եւ գումար է ծախսվում, տուժում են մեր հաճախորդները: Այդ պատճառով ԵՏՀ պաշտոնյաներն առաջարկեցին դա անել տեղում (ուղարկող գործարաններում — խմբ.):

Մենք բազմիցս բարձրացրել ենք այդ հարցը, հերթական անգամ՝ օրերս, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական հարցերի Խորհրդատվական հանձնաժողովի՝ հուլիսի 7-8-ը Երեւանում անցկացված նիստում: Որոշումը հնչեց, եւ այն միանգամայն ընդունելի է»,- հայտարարեց Ներսեսյանը:

Leave a reply