
Վեց երկրի շուրջ 100 ընկերություն՝ «Կովկաս. շինարարություն և վերանորոգում» միջազգային ցուցահանդեսում
Վեց երկրի՝ Հայաստանի, Ավստրիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի և Էստոնիայի շուրջ 100 ընկերություն է ներկայացված «Կովկաս. շինարարություն և վերանորոգում 2024» ամենամյա միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում։ Հոբելյանական՝ թվով 20-րդ ցուցահանդեսն իր դռները բացեց մարտի 22-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«Ավանդաբար մենք գարունը սկսում ենք «Շինարարություն և վերանորոգում» ցուցահանդեսով և ամեն անգամ այն բացելիս ոգևորություն ենք ապրում, որ շինարարի ոգին մեր մեջ դեռևս կա։ Տարբեր տարիների՝ տնտեսական տարբեր ձեռքբերումների, վայրէջքների, այսօր՝ շինարարական ոլորտի բումի պայմաններում, բացում ենք այս ցուցահանդեսը՝ ապացուցելու ինքներս մեզ, մրցակիցներին, շուկային, աշխարհին, որ մենք կառուցել ենք, կառուցում ենք և կառուցելու ենք մեր երկիրը,-բացման խոսքում մասնավորապես նշեց ցուցահանդեսի համակազմակերպիչ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ — Ողջունում եմ մասնակից երկրների ընկերություններին, որոնք ակտիվորեն գալիս են մեր երկիր, բերում իրենց ապրանքները, ծառայությունները, տեխնոլոգիաները, և միասին ներկայացնում ենք մի տնտեսական ոլորտ, որը քարը-քարի վրա դնող է, մնայուն է, երկարաժամկետ և հավատ է ներշնչում ապագայի հանդեպ»։
Ըստ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի՝ ներկա ցուցահանդեսում ներկայացված է յոթ ռուսական ընկերություն, որոնց թվում կան թե մշտական մասնակիցներ, թե նորեկներ, որոնք ցանկանում են մտնել հայկական շուկա։ «Վստահ եմ, որ մենք շատ արդյունավետ աշխատանք կկատարենք, կլինեն գործնական բանակցություններ, և այս ցուցահանդեսը հերթական անգամ կապացուցի, որ լավ հարթակ է նոր կապերի, հետաքրքիր նախագծերի համար»,- ասաց ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչը։
Ցուցահանդեսում ներկայացված են ոլորտային տարբեր ուղղություններ՝ շինարարական տեխնոլոգիաներ, սարքավորումներ, վերանորոգման և հարդարման նյութեր, շինարարական գործիքներ, ծառայություններ, օդորակման համակարգեր, փայտամշակման սարքավորումներ, սառեցման տեխնոլոգիաներ, ջեռուցման տեխնիկա, նախագծում, ինտերիերի դիզայն և այլն։
«Կովկաս. Շինարարություն և վերանորոգում 2024»-ը կգործի մինչև մարտի 24-ը։












