Ռուսաստանի Արդյունաբերողների միության ղեկավար. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը մեծացնում է աբխազական երկաթուղու նախագծի առաջնահերթությունը

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն աբխազական երկաթուղու վերականգնման նախագիծն առաջնահերթ է դարձնում: Այս մասին Մոսկվայում Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի XV միջազգային գիտական համաժողովի ժամանակ NEWS.am-ի թղթակցին ասել է Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը:

«Նախ՝ Հայաստանը պետք է անդամակցի Մաքսային միությանը: Կարծում եմ՝ այդ տեղի կունենա, հիմնական սխեման միության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելն է: Երկրորդ՝ Հայաստանը պետք է գնահատի միության պայմանագրի նախագիծը, որը պատրաստվում է նրա՝ դիտորդի կարգավիճակի, բայց ոչ ակտիվ մասնակցի պայմաններում: Դրանից հետո, անկասկած, հարկավոր է քննարկել իրական տնտեսական գոտում Հայաստանի ներգրավման խնդիրները, իսկ այդ նշանակում է, որ պետք է գործեն նաեւ ենթակառուցվածքային նախագծերը»,- հավելել է Շոխինը:

Հարցին, հնարավո՞ր է, արդյոք, նախագիծը քննարկել՝ առանց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, Շոխինը պատասխանել է. «Տեսականորեն հնարավոր է: Ռուս-հայկական հարաբերությունները բավական արդյունավետ են: Սակայն Մաքսային միության եւ միության պայմանագրի շրջանակում լրացուցիչ խթան է առաջանում այն առաջնահերթ նախագծերի շարքում ընդգրկելու համար»:

Նշենք, որ փորձագետների գնահատմամբ, աբխազական երկաթուղու՝ Սուխումից մինչեւ Վրաստանի հետ սահմանակից Ինգուրի գետի հատվածը վերականգնելու համար 251 մլն դոլար է անհրաժեշտ: Ներդրումը հետ վերադարձնելու նվազագույն ժամկետը 16 տարի է, իսկ դրան հնարավոր է հասնել տարեկան 10 մլն տոննա բեռների փոխադրման արդյունքում:

Աղբյուրը՝ news.am

Leave a reply