Չեխիայում հայ-չեխական գործարար համաժողով է կայանալու

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Չեխիայի հանրապետություն այցի շրջանակներում. հունվարի 31-ին տեղի կունենա հայ-չեխական գործարար համաժողով: Համաժողովի համակազմերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը եւ Հայաստանի Արդյունաբերողների եւ Գործարարների Միությունը:

Գործարար համաժողովին ներկա կգտնվեն երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանը եւ պարոն Միլոշ Զեման:

Ելույթներով հանդես կգան Չեխիայի հանրապետության Արդյունաբերության եւ առեւտրի նախագահ պարոն Իրժի Չինչալը, ՀՀ էկոնոմիկայի նախարար պարոն Վահրամ Ավանեսյանը:

ԶՀԳ գլխավոր տնօրեն պարոն Ռոբերտ Հարությունյանը կներկայացնի շնորհանդես Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ, կանցկացվեն հանդիպումներ հայ եւ չեխ գործարարների միջեւ:

Համաժողովին Հայաստանից մասնակցում է արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող 22 ընկերություն՝ տուրիզմ, շինարարություն, բնական պաշարներ, գյուղատնտեսություն, արդյունաբերական քիմիա, ոսկերչություն, անվտանգության համակարգեր, դեղագործություն, հեռահաղորդակցություն, առեւտուր, հիդրոէլեկտրակայաններ:

Հայաստանի Հանրապետության եւ Չեխիայի Հանրապետության միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2013 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 28.1 մլն ԱՄՆ դոլար’ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 28.8%-ով: Ընդ որում, արտահանումը ՀՀ-ից Չեխիայի Հանրապետություն կազմել է 8.4մլն ԱՄՆ դոլար:

Արտահանվել է հիմնականում ալյումին, ինչպես նաեւ սեւ մետաղներ: Ներմուծվել են հիմնականում միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ եւ մեխանիկական մասեր, էլեկտրական մեքենաներ եւ սարքավորումներ, ձայնագրող ապարատներ, իրեր սեւ մետաղներից, ապակի, վերգետնյա տրանսպորտային միջոցներ:

Ներկայումս Հայաստանում գործում են չեխական կապիտալով ավելի քան 20 ընկերություն:

Աղբյուրը՝ news.am

Leave a reply