
«Ոնց որ Հոկտեմբերյանից Իջևան ապրանք տեղափոխենք». Արսեն Ղազարյանը’ Մաքսային միությանը միանալու մասին
Այս տարի գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և արտահանման ծավալներն աճել են 6%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա խոսքերով’ սա բավականին լուրջ արդյունք է, քանի որ ամեն մի վերամշակող ձեռնարկություն ապահովում է տասնյակ հազարավոր գյուղացիական տնտեսությունների զբաղվածություն:
Ա.Ղազարյանի համոզմամբ, եթե մի փոքր էլ կոորդինացնեն ձեռնարկությունների աշխատանքը, ինչպես նաև շարունակվի պետության կողմից վերամշակող ընկերություններին տրվող աջակցությունը, ապա հայկական ապրանքները կկարողանան լուրջ տեղ զբաղեցնել միջազգային շուկայում:
Ըստ Ա.Ղազարյանի’ ՀՀ կառավարության կողմից գերակա ոլորտ համարվող գյուղատնտեսության ոլորտում նկատելի են էական դրական տեղաշարժեր, ինչը հույս է ներշնչում, որ առաջիկա տարիներին ոլորտում լուրջ արդյունքներ կգրանցվեն: «Վստահ եմ, որ կստեղծվեն նոր վերամշակող ձեռնարկություններ, ինչը նաև կնվազեցնի բնակչության արտագաղթը, իսկ գյուղացիներն էլ կկապվեն հողի հետ»,- ասաց նա’ հավելելով, որ եթե հանրապետության 30 տոկոս չմշակված հողերը մշակվեն, ապա կկարողանանք լուրջ զբաղվածություն ապահովել: «Փաստ է, որ մեր որակյալ արտադրանքը հարևան երկրների շուկայում մրցունակ է, մնում է, որ ճիշտ մենեջմենթ իրականացնենք, որպեսզի լուրջ ցուցանիշներ ապահովենք ոլորտում»,-նշեց Ա.Ղազարյանը:
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, ՀԱԳՄ նախագահն ասաց, որ ՄՄ-ին միանալու առավելություններից մեկն այն է, որ տեղական ապրանքների արտահանումը դեպի Մաքսային միության շուկա կհեշտացվի, այսինքն’ հայկական ապրանքները ավելի արագ և հեշտացված ռեժիմով կմտնեն ՄՄ երկրներ: «Թեև այսօր որոշ ապրանքների մաքսատուրքերից ազատված ենք, բայց ձևակերպումները, սերտիֆիկացումը, ստանդարտացումը այլ կլինի: Ոնց որ Հոկտեմբերյանից Իջևան ապրանք տեղափոխենք: Սա շատ կարևոր հանգամանք է հայկական ապրանքների, այդ թվում’ գյուղմթերքների արտահանման համար»,- ընդգծեց Ա.Ղազարյանը:
Նա միաժամանակ նշեց, որ Մաքսային միությանը անդամակցելը դեռ չի նշանակում, որ ԵՄ երկրներ այլևս ապրանքներ չենք արտահանելու: «Արտահանումը շարունակվելու է, պարզապես չենք օգտվի ազատ առևտրի հեշտացված ռեժիմներից: Մենք արտահանում են համեմատաբար թանկ և որակյալ ապրանք, բնականաբար, այն մի քանի տոկոս մաքսային արտոնությունը, որ պետք է տրվեր, չեմ կարծում, որ արտահանման ծավալների վրա էապես կազդի»,- նշեց Ա.Ղազարյանը’ հավելելով, որ իրականում հայկական ապրանքների 90 տոկոսն արտահանվում է Մաքսային միության երկրներ:
Աղբյուրը՝ panorama.am