
Մոսկվայում ստորագրվել է ԵՏՄ Գործարար խորհրդի ստեղծման մասին համաձայնագիր
Մայիսի 21-ին Ռուսաստանի դաշնության մայրաքաղաքում կայացավ Մոսկովյան 8-րդ տնտեսական համաժողովը: Միջոցառմանը՝ «Բիզնեսի հնարավորությունները ԵՏՄ շրջանակներում» խորագրով նիստի ժամանակ, ստորագրվել է ԵՏՄ Գործարար խորհրդի ստեղծման մասին համաձայնագիր: Այն ստորագրվել է ԵՏՄ անդամ հինգ երկրների’ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների կողմից: Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը:
Գործարար Խորհուրդը ԵՏՄ անդամ պետությունների գործարար շրջանակների մշտապես գործող համակարգող-խորհրդակցական մարմին է, որին կարող են անդամակցել ԵՏՄ անդամ այլ երկրների գործարար միությունները: Այն ուղղված է լինելու ԵՏՄ շրջանակներում միասնական տնտեսական միջավայրի ստեղծման և զարգացման ակտուալ հարցերի շուրջ միասնական դիրքորոշում ձևավորելուն, ինչպես նաև հնարավորություն կտա ուղղակի կապեր և երկխոսություն հաստատել ԵՏՄ անդամ պետությունների գործարար շրջանակների միջև և ներգրավել նրանց բազմակողմ գործարար համագործակցության մեջ:
«Հայաստանը դիտում է ԵՏՄ-ն որպես անդամ պետությունների համար կանխատեսելի և շահավետ հարաբերությունների հիմնական ֆորմատ, որը հիմնված է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ շրջանառության սկզբունքի վրա: Իհարկե, Հայաստանն ունի իր առանձնահատկությունը՝ ընդհանուր սահմանների բացակայությունը անդամ-պետությունների հետ, սակայն մենք համոզված ենք, որ դա խոչընդոտ չի հանդիսանա մեր ընդհանուր տենտեսական հարթակում զարգացող տրանսպորտային, էներգետիկ, հեռահողորդակցության և ֆինանսական միասնական կարգավորման համակարգին միանալուն»,- իր խոսքում նշեց Ն. Մանուկովան, ով ներկայացնում էր Հայաստանի արտադրողների և գործարարների միությունը:
«Հայաստանը, իհարկե, փոքր պետություն է, փոքր տնտեսությամբ, սակայն կարող է իր ծանրակշիռ ավանդն ունենալ ընդհանուր գործում: Հայաստանը ԵՏՄ անդամ պետությունների շարքում ունի ամենաազատական տնտեսությունը՝ իր մեղմ հարկային դաշտով և բիզնես միջավայրով: Այսպես, «Doing Business»-ի համաձայն Հայաստանը բիզնեսի վարման հեշտության տեսանկյունից առաջ է անցել ԱՊՀ բոլոր երկրներից և 189 երկրների շարքում զբաղեցնում է 45-րդ տեղը (Բելառուս՝ 57, Ռուսաստան՝ 62, Ղազախստան՝ 77): Հայաստանն արդեն բավական երկար ժամանակ օգտնում է ԵՄ –ի և ԱՄՆ-ի հետ առևտրի բարենպաստ ռեժիմներից (համապատասխանաբար GSP+ և GSP): ԵՏՄ անդամ պետություններից դեռևս միայն Հայաստանն է ներկայացված Ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպությունում, և մենք հրավիրում ենք ԵՏՄ մեր գործընկերներին օգտվել մեր երկրի այս հնարավորություններից»-հայտնել է Ն. Մանուկովան: