
Մեկնարկեց «Կավկաս․ շինարարություն և վերանորոգում EXPO 2026» 22-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը
Վեց երկրի շուրջ յոթ տասնյակ ընկերություն է մասնակցում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 20-ին բացված «Կավկաս․ շինարարություն և վերանորոգում EXPO 2026» 22-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու LOGOS EXPO կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդեսում իրենց տարաբնույթ տաղավարներն են ներկայացրել ընկերություններ Հայաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Իրանից, Ղազախստանից և Էստոնիայից։
Շնորհավորելով և արդյունավետ աշխատանք մաղթելով ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին՝ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ յուրաքանչյուր գարնամուտին կազմակերպվում է նման ցուցահանդես, որովհետև շինարարությունը, վերանորոգումը, տնտեսության այն ճյուղն է, որն ի ցույց է դնում, որ առկա է ներդրումների կայունություն, հավասար մրցակցության դաշտ, և մարդիկ ցանկանում են նոր բան ստեղծել։ Նրա խոսքով՝ հատկապես այսօր, երբ տարածաշրջանը եռում է, երբ առկա են բազմաթիվ վտանգներ ու անորոշություններ, համանման ցուցահանդեսներով, գործարար ակտիվությամբ ամրապնդում ենք մեր հանրության կենսունակությունը։
Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանի գնահատմամբ՝ այս ցուցահանդեսը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ ոլորտի նորություններին, նորարարական նյութերին, նոր տեխնոլոգիաներին և լուծումներին, դրանով իսկ՝ ստեղծել ավելի մրցունակ շինարարական ոլորտ։
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սալոմեի բնորոշնամբ՝ այս ցուցահանդեսը նշանակալի հարթակ է շինարարական ոլորտում միջազգային նախագծերի առաջմղման համար։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի շինարարական շուկան հզոր շարժիչ ուժ է տնտեսության զարգացման համար, իսկ համանման ցուցահանդեսները կոչված են նպաստելու միջազգային հարաբերությունների հետագա զարգացմանը բոլոր մասնակիցների համար։ Այն կնպաստի ոչ միայն առևտրատնտոսական կապերին, այլև մասնակիցների միջև կոպերացիոն նախագծերի իրականացմանը։
«Կավկաս․ շինարարություն և վերանորոգում EXPO 2026» մասնագիտացված ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 22-ը։










