Հանրապետական Ֆիլատելիստական ցուցահանդես՝ նվիրված հայ բարերարներին

Նոյեմբերի 10-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է հայ բարերարներին նվիրված հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսը։ Այն ներկայացնում է հայ բարեգործության, ձեռներեցության և ազգային արժեքների պահպանման պատմությունը՝ նամականիշների, ֆիլատելիստական նյութերի, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական բանկի թողարկած թեմատիկ հուշադրամների միջոցով։

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել պետական կառույցների, գործարար համայնքի և ֆիլատելիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ֆիլատելիստների ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, կարևորելով նախաձեռնությունը, շնորհակալություն է հայտնել դրա կազմակերպիչներին ու հովանավորներին՝ Բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության նախարարությանը, «Հայփոստ» ՓԲԸ-ին, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը, «Ապավեն» և «Յունիքոմփ» ընկերություններին, Ռալֆ Յիրիկյանին, կազմկոմիտեին և Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին։

Իր ելույթում Հովիկ Մուսայելյանն ընդգծել է հայ բարերարների պատմական դերակատարությունն ազգային ինքնության, մշակույթի, գիտության, ճարտարապետության և պատմության զարգացման գործում։

«Ցավոք սրտի մեր հանրությունը հաճախ չի տարբերում՝ ով է բարերարը, բարեգործը։ Նրանք մարդիկ են, որ բարի գործերն անում են լուռ, անաղմուկ, առանց շահադիտական նպատակների, հետևողականորեն և նրանց հիշատակը, ովքեր այսօր մեզ հետ չեն, պետք է միշտ վառ պահենք։ Մեր իրականության մեջ էլ կան մարդիկ, ովքեր իսկապես լռելյայն անում են իրենց բարեգործությունը։ Այստեղ մենք տեսնում ենք Գաբրիել Ջեմբերջյանին,  Ռալֆ Յիրիկյանին, Արսեն Ղազարյանին, ովքեր անաղմուկ, լուռ, կատարում են իրենց պարտքը ազգի, հայրենիքի նկատմամբ, ինչի մասին, իրականում շատ քչերը գիտեն։ Այո՛, բարերարները հաճախ համեստ են, իրենց արածների մասին չեն խոսում, բայց մենք նման ցուցահանդեսներով, տարբեր միջոցառումներով պետք է արժևորենք նրանց գործունեությունը»,–բացման իր խոսքում նշել է Հովիկ Մուսայելյանը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ցուցահանդեսը կարևորել է ոչ միայն պատմական հիշողության պահպանման, այլև հասարակության դաստիարակության տեսանկյունից։

«Գիրք ենք հրատարակում, ցուցահանդես կազմակերպում, նամականիշ մարում. մի նպատակ ունենք` գնահատել պատմությունը, ընդօրինակել պատմական կերպարների գործունեությունը և կրկնել, շարունակել այդ ոճով»,- ասել է նա։

ՀԱԳՄ նախագահի գնահատմամբ՝ նման նախաձեռնությունները դաստիարակչական և քարոզչական կարևոր գործառույթ ունեն։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևողականորեն աջակցել այն ծրագրերին, որոնք նպաստում են հայ ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ հանրային ու միջազգային ճիշտ ընկալումների ձևավորմանը։

«Հայփոստ» ընկերության գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանն իր հերթին ցուցահանդեսի թեման խորհրդանշական է համարել՝ նշելով, որ երկրի իրական զարգացումն այնտեղ է, որտեղ անձնական հաջողությունը ծառայեցվում է հանրային բարիքին։ Նա ցուցահանդեսին մաղթել է հաջող ընթացք։

«Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարևորել է նամականիշերի՝ Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացման գործում ունեցած դերը։

«Մենք ունենք անձնագիր, որը մեզ թույլ է տալիս շրջել աշխարհով մեկ, բայց ունենք նաև նամականիշներ, որոնց միջոցով մեր սիրելի Հայաստանը շրջում է աշխարհով և մարդկանց ճանաչելի դարձնում մեր երկիրը»,–նշել է նա։

Բացման արարողության շրջանակում տեղի է ունեցել նաև ցուցահանդեսին նվիրված հատուկ դրոշմով բացիկի հանդիսավոր մարում։ Արարողությունն իրականացրել են Բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության նախարարության բաժնի պետ Ծովինար Գալստյանը, «Հայփոստի» գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, «Յուքոմ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Ֆիլատելիստների ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։

Ցուցահանդեսը ոչ միայն ֆիլատելիստական հավաքածուների ներկայացում է, այլև յուրօրինակ հարթակ՝ հայ բարերարների ժառանգությունը հանրահռչակելու, նրանց ներդրումը գնահատելու և նոր սերունդներին ազգային արժեքների ու հանրային պատասխանատվության օրինակներ փոխանցելու համար։

Հայ բարերարներին նվիրված հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսը գործելու է մինչև նոյեմբերի 14-ը։

Leave a reply