
Հայ ոսկերիչ. ԵԱՏՄ-ի երկրներն առաջվա պես չեն ճանաչում իրար թանկարժեք մետաղների հարգերը
Եվրասիական Միության երկրներն առաջվա նման փոխադարձաբար չեն ճանաչում իրար թանկարժեք մետաղների հարգերը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Երեւանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ձեռնարկատիրության հարցերով խորհրդակցական կոմիտեի նիստին մասնակցած Հայաստանի Ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանը:
Նրա խոսքով, հարցն արդեն բազմիցս բարձրացվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ տարբեր միջոցառումներին, բայց առայժմ լուծում չի ստացել: «Սեպտեմբերի 7-ի նոր խորհրդակցությանն ենք սպասում: Խնդիրն այն է, որ ապրանքների արտահանման դեպքում կրկնակի դրոշմման սպասելը նշանակում է ուշացնել վաճառքը եւ եկամուտ ստանալը», — պարզաբանել է Գրիգորյանը:
Նշենք, որ Եվրասիական Միության երկրները Հայաստանի ոսկերչական արտադրանքի արտահանման համար նշանակալի շուկա են մնում: 2015-ին դրանց ընդհանուր արտահանումը կազմել է մոտ 18,7 մլն դոլար, այդ թվում` Ղազախստան` 1,41 մլն դոլար, Ռուսաստան` 1,03 մլն դոլար, Բելառուս` 440 հազար դոլար: 2015-ին թանկարժեք ապրանքներ չեն արտահանվել Ղրղզստան: