Հայ – իտալական կապեր

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հրավերով հունվարի 30–ին Միությունում էր իտալացի գործարարների պատվիրակությունը, որի կազմում էին «Ֆեդերլացիոյի» (Լացիոյի փոքր և միջին ձեռնարկությունների ասոցիացիա) փոխնախագահ, Լացիոյի փոքր և միջին շինարարական ձեռնարկությունների նախագահ Անտոնիո Դ’ Օնոֆրիոն, Ռիետրի առևտրի պալատի նախագահ, Լացիոյի Պալատների միության փոխնախագահ, «Կոլդիրետտի»–ի ֆերմերների տարածաշրջանային ֆեդերացիայի նախկին նախագահ դոկտոր Վինչենցո Ռեյնինին և բազմաթիվ ֆիրմաների նախագահներ ու տնօրեններ։

ՀԱԳՄ Նախագահ Արսեն Ղազարյանը, ներկայացնելով Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները, նշեց, որ օտարերկրյա ներդրումներ կատարողներին մեր տնտեսական օրենսդրությունը առանձին արտոնություններ է տալիս, քանի որ, որպես նորանկախ երկիր, ներդրումների կարիք ունի։

Հայաստանում Իտալիայի Արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին, հրաշալի ներկայացնելով Հայաստանի տնտեսական իրավիճակը, իտալացի գործարարներին կոչ արեց հայ գործընկերների հետ համատեղ բիզնես կատարել։

Երկուստեք նշեցին, որ «Պատրաստված է Իտալիայում» մակնիշով ապրանքները հայաստանյան շուկայում մեծ պահանջարկ են վայելում, սակայն միաժամանակ հարկավոր է համատեղ քայլեր ձեռնարկել հայկական ապրանքանիշերը Իտալիայում ներկայացնելու։

Իտալացի գործարարներին ընդունեցին նաև Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Փոքր և միջին հիդրոէլեկտրակայանների սեփականատերերի միության նախագահի խորհրդական Մհեր Հակոբյանը, Հայաստանի ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը, Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, «Լիկվոր» ընկերության նախագահ Սերգեյ Մաթևոսյանը և Տեղեկատվական ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը։

Leave a reply