
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ
Համահայկական առևտրի պալատը, որը նաև ծանոթ է որպես Հայկական առևտրային ցանց (ATN – Global Armenian Chamber of Commerce), 2019թ.-ի հոկտեմբերի 10-ին Երևանի «Էլիտ Պլազա» կենտրոնի «Մանթաշով» սրահում կազմակերպել էր գործարար խորհրդաժողով՝ ATN Business Forum՝ նվիրված Հայաստան-Սփյուռք գործարար կապերին: Համաժողովը հաջորդում է սփյուռքահայ գործարարներին ATN-ի կողմից նախապես արված կոչին՝ առավել ակտիվ ներգրավվելու հայրենիքում: Խորհրդաժողովին մասնակցեցին գործարարներ Սփյուռքից և Հայաստանից, ինչպես ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և այլոք:
Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնավորապես շեշտեց, որ միայն տնտեսական հեղափոխությամբ մենք կարող ենք իրատեսորեն մտածել մեր պետության և ողջ հայության համար անչափ կարևոր հայրենադարձության մասին։
«ATN-ը միակ միջոլորտային համահայկական գործարար կազմակերպությունն է, որ ներառում է 17 բիզնես միություններ՝ 13 երկրներում։ Այն հընթացս ավելանում է,- նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։-Կազմակերպության նպատակն է վերակառուցել հայկական դարավոր առևտրային ցանցերը՝ նպաստելով նոր գործարար կապերի առաջացմանը և ստեղծելով նոր հարթակ Սփյուռքի ու Հայաստանի առևտրարդյունաբերական պալատների և գործարար միությունների միջեւ՝ գիտելիքների և փորձի փոխանակման, ինչպես նաև Հայաստանի եւ Արցախի տնտեսական զարգացմանը նպաստելու համար․․․»։
Հայաստան-Սփյուռք կայուն տնտեսական համագործակցության ուղղություններն ու համաշխարհային գործարար կապերի խթանումը խորհրդաժողովի գլխավոր թեմաներն էին, որոնց շրջանակներում եղան ազատ քննարկումներ բանախոսների և գրանցված հրավիրյալների միջեւ՝ Հայաստան-Սփյուռք տնտեսական կապերի զարգացման մարտահրավերներին վերաբերվող կարեւոր հարցերի շուրջ: Միջոցառումը կազմակերպվել էր Հայկական առևտրային ցանցի (ATN) նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանի և Սփյուռքի առևտրաարդյունաբերական պալատների և գործարար խորհուրդների համագործակցությամբ:
«Եթե նախկինում մենք՝ գործարարներս իշխանությունների առջև տարիներ շարունակ դնում էինք կոռուպցիայի և մոնոպոլիաների վերացման, մրցակցային հավասար դաշտի ապահովման և օրենքի գերակայության հարցերը, ապա այսօր ղեկավարության հետ մենք խոսում ենք այլ թեմաներից, — իբրև հեղափոխության նվաճում՝ գոհունակությամբ նշեց Արսեն Ղազարյանը։ — Այսօր մենք պետք է մեր համարձակ ու ակտիվ նոր սերնդին մղենք ինտեգրացման։ Անշուշտ ժամանակի ընթացքում լինելու է սերնդափոխություն, և այսօրվա սերունդը պայքարը քաղաքական դաշտից պետք է տեղափոխի տնտեսական դաշտ։ Միմիայն տնտեսական վերընթացն է ամրագրելու հեղափոխության նվաճումները»։
Հայ առևտրային ցանցի գործադիր խորհրդի նախագահ Հրաչ Կասպարը և մյուս բանախոսները ևս համոզմունք հայտնեցին, որ համահայկական ուժերի միասնությամբ և եղբայրական կամքով հնարավոր է իրականություն դարձնել հայկական տնտեսական հրաշքը։
Նույն օրը երեկոյան կայացավ մրցանակաբաշխություն։ Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման և նշանակալի ձեռքբերումների համար բազմաթիվ գործարարներ արժանացան պատվավոր մրցանակների։
Երևանյան խորհրդաժողովը ևս մեկ կարևոր քայլ էր աշխարհասփյուռ հայերի հնարավորություններն ու միջոցները մեկ նպատակի համախմբելու, ինչպես նաև իղձերն ու երազանքները իրականություն դարձնելու դժվարին ճանապարհին։
































