
«Հայաստանյան արտադրողները հնարավորություն ունեն հասնելու ցանկացած շուկա»․ Արսեն Ղազարյան
«Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից դեկտեմբերի 13-ին կազմակերպված քննարկումը խնդիր ուներ գործարար շրջանակներին և շահագրգիռ այլ կողմերին ներկայացնել միջազգային առևտրի կարգավորումների և դրա հետ առնչվող ներդրումների խնդրահարույց հարցեր: Ինչպես նշեց ընկերության Հարկային և իրավաբանական ծառայությունների բաժնի ղեկավար Ահարոն Չիլինգարյանը՝ «Բի-Դի-Օ»-ն իր գործընկերների հետ միասին նպատակ ունի նպաստելու Հայաստանի արտաքին տնտեսական կապերի զարգացմանը, ինչին միտված է նաև այս միջոցառումը։
Քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանի տնտեսական մակրո-իրավիճակը, վերջին ժամանակաշրջանի մի քանի կարևոր օրենսդրական փոփոխություններ։ Տեղի և միջազգային փորձագետներն անդրադարձան Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներին և դրանց առանձնահատկություններին, ՀՀ արտաքին առևտրի կարգավորումներին ու առկա խնդիրներին, հարևան Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների առանձնահատկություններին ու հնարավորություններին։
«Հայաստանից արտահանումների հետ կապված պրակտիկ խնդիրներ» պանելային քննարկմանը դիտարկվեցին ՀՀ-ում տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման մասին կառավարության հաստատած ծրագիրը, Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի խնդիրը, լոգիստիկ հարցեր։
Անդրադառնալով Հայաստանի արտահանման շուկաների դիվերսիֆիկացիային, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ բոլոր շուկաների հետ էլ կարելի է աշխատել։ Համավարակից հետո տրանսպորտային շուկան կայունացել է, և այսօր հայաստանյան արտադրողները հնարավորություն ունեն հասնելու ցանկացած շուկա՝ Չինաստան, Հնդկաստան, Կորեա, Ճապոնիա, ԱՄՆ և այլն, եթե կարողանան անհրաժեշտ որակ, ծավալներ ապահովել ու զբաղվեն տվյալ երկրում վաճառքի կազմակերպմամբ։ Այն շուկաները հասնելի կլինեն, որտեղ ընկերությունները կունենան դիստրիբյուտորներ, լուրջ փորձագետներ, որոնք ունակ են աշխատելու մեծ ցանցերի հետ։ ՀԱԳՄ նախագահը ցավով արձանագրեց, որ մեր շատ ընկերություններ իրենք անձամբ են փորձում արտաքին շուկայում կազմակերպել իրենց վաճառքները, ինչը շատ հաճախ նպատակային չէ։ «Աշխատողը միշտ էլ արդյունքի հասնում է, ուստի մեր գործարարներին կոչ կանեմ դրսևորել համառություն, լինել համարձակ և մի փոքր էլ՝ ռոմանտիկ։ Այդ դեպքում ամեն ինչ կստացվի»,-նշեց ՀԱԳՄ նախագահը։