
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը՝ վերջին շրջանում իրավական համակարգի կողմից գործարարների և պետական պաշտոնյաների նկատմամբ կիրառված գործողությունների առնչությամբ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում իրավական համակարգի կողմից գործարարների և պետական պաշտոնյաների նկատմամբ անհամաչափ գործողությունների առնչությամբ։ Կողմ լինելով ցանկացած օրինախախտում միչև վերջ բացահայտելու և մեղավորներին պատժելու հրամայականին, այդուհանդերձ, անընդունելի ենք համարում, երբ տնտեսական ենթադրյալ հանցագործության պարագայում, դեռևս գործի քննության նախնական փուլում, մեղավորությունն անգամ չհաստատված՝ գործարարների, ինչպես նաև պետական պաշտոնյաների նկատմամբ անհիմն կիրառվում են խափանման ծայրահեղ մեթոդներ, ընդհուպ՝ կալանք։
Ասվածի թարմ օրինակ է «Սիներջի» ընկերության հիմնադիր և տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և նույն գործով անցնող այլ անձանց կալանավորումը, երբ վերջիններս զրկվել են բնականոն գործունություն ծավալելու հնարավորությունից, հարված է հասցվել նրանց գործարար համբավին այն դեպքում, երբ դեռ համապատասխան գործը քննության փուլում է։ Գտնում ենք, որ խափանման նման միջոցն անհամաչափ է և ոչ արդարացված։ Գործարարների նկատմամբ նման գործելաոճն իր բացասական հետքն է թողնում վերջիններիս նախաձեռնողականության, ինչպես նաև արտասահմանյան ներդրումների ներգրավման վրա։
Հիշյալ գործն առնչվում է գնումների գործընթացին, որի ոչ ամբողջականության, թերի կողմերի մասին ՀԱԳՄ-ն քանիցս բարձրաձայնել, բարելավման տարբեր առաջարկներով դիմել է պատկան մարմիններին։ Համանման քննարկումներ բազմիցս եղել են նաև ոլորտը համակարգող ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, որը դրսևորել է գործնական շահագրգռվածություն՝ այս և գործարարությանը հուզող այլ հիմնախնդիրներին համատեղ լուծումներ տալու ուղղությամբ։
Միությունն իր կոչմանը հավատարիմ՝ շարունակելու է հանդես գալ տնտեսական միջավայրի բարելավման նպատակով պետական կառույցների հետ երկխոսության ծավալմամբ, միաժամանակ իր ջանքերը ներդնելու է գործարարների շահերի պաշտպանության, նրանց գործունեությունը տարբեր ոտնձգություններից զերծ պահելու, տնտեսական առողջ միջավայր ձևավորելու ուղղությամբ։