Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 9-ի եռատոնի առթիվ

Սիրելի հայրենակիցներ, սրտի անհուն բերկրանքով ու ամենաջերմ զգացումներով եմ շնորհավորում Մայիսի 9-ի եռատոնի՝ Հայրենական պատերազմի և Շուշիի հաղթանակների, Արցախի բանակի ծննդյան առթիվ…

Նաև մայիսին վերակերտեցինք մեր անկախությունն ու պետականությունը՝ նոր էջ բացելով մեր դարավոր գոյապայքարի պատմության մեջ: Կյանքի իմաստությունը վերահաստատում է, որ պատերազմում նվաճված հաղթանակը վաղեմության ժամկետ չունի, և մենք այսօր մեր ժողովրդի բոլոր հաղթանակների տերն ենք ու շարունակողը:

Պատմությունը երբեք չի ընդհատվում, այն տիեզերական օրինաչափությամբ շարունակվում է… Եվ մեր դժվարին ժամանակներում այդ շարունակողը նաև դու ես՝ սիրելի գործարար եղբայր ու քույր… Անկախ ժամանակների ու աշխարհակարգերի մարտահրավերների՝ հայ գործարարները միշտ էլ աշխարհեաշխարհ են անցել, հիացրել իրենց տաղանդով, իմացությամբ ու ազնվությամբ, ստեղծել հայ գործարարի բարի համբավը: Եվ այսօր մենք առավել քան կարևոր առաքելություն ունենք՝ Մայիսյան ու բոլոր հաղթանակները մարտադաշտից տեղափոխել տնտեսական դաշտ, այլապես հաղթանակները անիմաստ ու աննպատակ կդառնան…

Սիրելի գործարարներ, շնորհավորանքս եզրափակում եմ կոչով՝ Մանթաշովականության հայրենապաշտությամբ ու բարերարությամբ զորակցենք կարիքավորին, հզորացնենք մեր Հայրենիքը, որ Մայիսյան մեր հաղթանակները հարատևեն…

Մաղթում եմ բոլորիդ ընտանիքներին առողջություն և բարեկեցություն, կամք ու հավատ վաղվա օրվա հանդեպ…

Leave a reply