
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ՝ 2016թ. ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընդհանրական խնդիրներ
— Կառավարության գործունեության ծրագրի ձևավորման հիմքում նոր Սահմանադրությանը, խորհրդարանական կառավարման գաղափարախոսությանը համահունչ տեսլականն է, որն իր զարգացումն է ստանալու համապատասխան ռազմավարական և մարտավարական ծրագրերով: Այդ տեսլականը ամրապնդված է քաղաքական հենքով, և այն ենթադրում է առաջիկա տասը տարում իրապես բարեկեցիկ երկրի կայացում. երկիր, որտեղ մարդիկ կուզենան ապրել, երկիր, որի հետ սերունդները կկապեն իրենց ապագան:
— Կոռուպցիան և սահմանափակ մրցակցությունը հանդիսանում են երկրի զարգացման հիմնական խոչընդոտները:
— Հայաստանի իրական տերը երկրի շարքային քաղաքացին է: Մենք պետք է հասնենք նրան, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի հպարտ լինի իր հայրենիքով, վստահ` որ պետությունը պաշտպանում է իր շահերը ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այլ քաղաքացու շահերը: Հասարակության որևէ անդամ չպետք է իրեն դասի արտոնյալների շարքին և ոտնահարի մյուսների իրավունքները: Դա հատկապես վերաբերում է պետական պաշտոնյաներին: Հարկ վճարողներից ստացվող միջոցները, հանրային կառավարման լծակները պետք է ծառայեն հայրենիքի բարգավաճմանը, այլ ոչ թե պետական պաշտոնյայի անձնական կարիքների բավարարմանը:
— Չնայած երկրի անկախացումից հետո հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում արձանագրված կայուն առաջընթացին, հասարակության հիմնական մասը երկրի զարգացման ներկա տեմպերն արդարացիորեն համարում է անբավարար: Երկրի միջազգային մրցունակության ապահովումը, ներդրումային գրավչության և բնակչության բարեկեցության մակարդակի առումով համաշխարհային առաջատարների շարքին դասվելու ձգտումը կմնա երազանք, եթե մենք չկարողանանք բոլոր ռեսուրսների համախմբմամբ հասնել բարեփոխումների տեմպերի կտրուկ արագացման: Մեր հայրենիքի, հաջորդ սերունդների հանդեպ պատասխանատվության զգացումը պետք է մեզ ոգեշնչի և առաջնորդի` երկրի կենսունակ և առաջանցիկ զարգացումն ապահովող համակարգային փոփոխություններ իրականացնելու համար:
Մրցակցություն
— Հայաստանի Հանրապետության կառավարությունը համոզված է` մեր երկրում չկան շուկաներ, որտեղ այս կամ այն տնտեսվարողին կարող է տրվել արտոնյալ կարգավիճակ կամ այլ տնտեսվարողների հանդեպ որևէ արհեստածին առավելություն: Կառավարությունը պատրաստ է գործարար նախաձեռնություններ իրականացնելու մտադրություններ ունեցողներին տրամադրել ցանկացած շուկա ազատ մուտքի և մրցակցային միջավայրի ապահովման երաշխիքներ:
— Կառավարությունը հայտարարում է, որ պաշտպանելու է ցանկացած գործարարի և քաղաքացու, որը փորձում է մուտք գործել հայաստանյան շուկա՝ իր կողմից արտադրվող, ներմուծվող կամ վաճառվող ապրանքով, և այդ ճանապարհին բախվում է արհեստական կամ ազնիվ մրցակցության կանոններով չպայմանավորված այլ խոչընդոտների: Այդպիսի ցանկացած խոչընդոտ, այն հարուցելու ցանկացած փորձ հայտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում՝ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկած բոլոր անձանց հանդեպ օրենքով նախատեսված պատասխանատվության լիարժեք և հետևողական կիրառման նպատակով:
— Կառավարությունն առաջնային է համարում ՀՀ տարածքում գործող բոլոր կազմակերպությունների համար իրական հավասար պայմանների ապահովումը, և նախատեսում է այդ ուղղությամբ ամենակարճ ժամկետում գործնական քայլերի ձեռնակում: Ընդ որում, այս առումով հատկապես խնդրահարույց են հարկային և մաքսային մարմինները, դատաիրավական համակարգերը, տնտեսական մրցակցության պաշտպանության մեխանիզմները: Նշված ոլորտներում բարեփոխումներն ուղեկցվելու են առկա կարիքների գնահատմամբ և դրա հիման վրա վերապատրաստման և ուսուցման ծրագրերի իրականացմամբ` մարդկային ռեսուրսների և ինստիտուցիոնալ կառույցների կարողությունների զարգացման նպատակով։ Կառավարությունը հետևողական կլինի, որպեսզի այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր քայլերը լինեն թափանցիկ և հրապարակային:
— Տնտեսական դաշտում մրցակցային հավասար պայմանների ապահովման նպատակով կառավարությունը կարևորում է արհեստական մրցակցային առավելություններ ընձեռող գործիքների կիրառումից ձեռնպահ մնալը, օրենսդրությամբ սահմանված համանման մոտեցումների վերանայումը` դրանց արդյունավետության գնահատման և, անհրաժեշտության դեպքում, վերացման նպատակով:
Ներդրումների խրախուսում
— Պետությունը իր գործողություններում պետք է կանխատեսելի լինի, գործարարին երաշխավորի խաղի կանոնների ողջամիտ կայունություն: Այս առումով կարևոր քայլ էր հարկային օրենսգրքի ընդունումը, որը միտված է հարկային հարաբերությունների հստակ կարգավորմանն ու օրենսդրական կայունության ապահովմանը: Այդուհանդերձ, կառավարությունը գիտակցում է, որ հարկային օրենսգրքի շուրջ հասարակության (հատկապես` գործարար հանրության) ընկալումն ամենևին միանշանակ չէ: Հետևաբար, մենք կշարունակենք գործարար համայնքի հետ երկխոսությունը` հարկային օրենսգրքի հետագա հղկման, երկրի մրցունակության ապահովման համար այս կարևորագույն գործիքի ընձեռած հնարավորությունների լիարժեք բացահայտման ու օրենսդրական արտացոլման ուղղությամբ:
— Հարկային հարաբերությունների կարգավորման տեսանկյունից կառավարությունը, մասնավորապես, արդարացված չի համարում հարկային մարմինների նյութական խրախուսման ֆոնդի ձևավորման ներկա կարգը, երբ հարկային ստուգման արդյունքում պետական բյուջե գանձման ենթակա գումարի 10%-ը փոխանցվում է այդ ֆոնդին:
— Կառավարությունը համարում է, որ տնտեսավարողների շրջանում դեռևս ցածր է հարկային օրենսդրության և հարկերի բողոքարկման վերաբերյալ իրազեկման աստիճանը: Խնդիրն առավել ևս արդիական է դառնում հարկային օրենսգրքի ընդունման պայմաններում: Հետևաբար, կառավարությունը համակարգված քայլեր կիրականացնի տնտեսավարողների հարկային կարգապահության բարձրացման նպատակով իրազեկման աշխատանքների ուղղությամբ` օգտագործելով ինչպես պետական բյուջեի, այնպես էլ միջազգային դոնորների հնարավորությունները:
— Կառավարությունն առաջնային է համարում տեխնոլոգիաների և կառավարման արդիականացման նպատակով տնտեսությունում ներդրումների իրականացումը: Հայերը և այլ հայաստանցիք ունեն բնատուր ձեռնարկատիրական ջիղ: Հայաստանը դեռևս 90-ականներից որդեգրել է միջազգայնորեն ընդունված՝ ապրանքների, մարդկանց ու ներդրումների ազատ տեղաշարժի կանոնները: Դրա համար կարևոր է հեշտացնել, աջակցել գիտելիքի մուտքին ու ադսորբցիային ձեռներեցների կողմից, ինովացիաների խրախուսումը: Ելնելով այս ոլորտում հաջողված միջազգային փորձից, կառավարությունը նախատեսում է տեխնոլոգիաների ու կառավարման համակարգի բարելավմանն ուղղված հարկային արտոնությունների սահմանում, առկա արտոնությունների կիրառման արդյունավետության բարձրացում, ներդրումային ֆոնդերի ստեղծման խրախուսում (այդ թվում նաև` պետական մասնակությամբ ֆոնդերի ստեղծում` որպես պետություն-մասնավոր համագործակցության գործիք), հայաստանյան ընկերությունների համար կորպորատիվ կառավարման նոր մակարդակի ձևավորմանն օժանդակություն: Այս տեսանկյունից քաղաքականության ձևավորման առումով մեծ դեր ունեն մասնագիտական կառույցները, որոնց հետ համագործակցության սերտացումը լինելու է կառավարության գործունեության առաջնայնություններից:
— Ի լրումն տեխնոլոգիական և կառավարման մշակույթի արդիականացման քաղաքականության, կառավարությունը նախատեսում է նաև երկրի ներսում արտադրվող հիմնական ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքը պայմանավորող գործոնների վերլուծություն` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում դրանց մրցունակության ապահովման նպատակով միջոցառումների մշակման նպատակով: Այս տեսանկյունից առաջնային են լինելու էներգակիրների ծախսերի օպտիմալացմանը, ներմուծվող հումքի մատչելիության բարձրացմանն ու ֆինանսական ռեսուրսների էժանացմանն ուղղված քայլերը: Տնտեսության վրա էներգակիրների ծախսային բեռի նվազեցման առումով կառավարությունը կարևոր է համարում ինչպես այլընտրանքային էներգետիկայի զարգացումը, այնպես էլ էներգետիկ ողջ շղթայում (հատկապես` բաշխից ցանցերում) կորուստների նվազեցումը, ծախսերի կրճատումն ու կառավարման արդյունավետության բարձրացումը: Մենք համոզված ենք, որ նշված քայլերը թույլ կտան էապես նվազեցնել ինչպես բնական գազի, այնպես էլ էլեկտրաէներգիայի սակագինը:
— Երկրի ստանձնած միջազգային պատրավորությունների շրջանակներում խթանել ներքին արտադրողին՝ այդ նպատակով օգտագործելով առկա տարբեր գործիքներ:
— Ներդրումների խրախուսման նպատակով կառավարությունը կարևոր է համարում մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում հիմնավոր, խելամիտ, իրագործելի ներդրումային ծրագրերի հրապարակային բանկի ստեղծումը: Դա թույլ կտա ավելի արդյունավետ իրականացնել տեղական և արտերկրյա ներդրողների ուղղորդումը դեպի կոնկրետ ներդրումային ծրագիր:
Պետական կառավարում
— Կառավարության գործունեության ծրագրի իրականացման տեսանկյունից մարտավարական առումով առաջին հերթին անհրաժեշտ է կենտրոնանալ եղած օրենքները, որոշումները, կանոնակարգերը գերազանց վարչարարելու վրա, և նոր միայն մտածել դրանց հերթական փոփոխության մասին:
— Կառավարությունը գիտակցում է, որ ներկայացված ծրագրի իրականացումը ենթադրում է նաև պետական վարչարարության արմատական փոփոխություն, խաղի կանոնների հստակեցում, գործարարի հանդեպ բացառապես օրենքով սահմանված օբյեկտիվ մոտեցումների կիրառում: Ասվածը վերաբերում է ինչպես հարկային և մաքսային վարչարարության` տարիներ շարունակ մրցակցությունը սահմանափակող և շուկաները խաթարող դրսևորումներին (ինչպիսիք, օրինակ, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով հսկիչ կամ կողմնորոշիչ գների կիրառումն է` օրենքների և միջազգային պայմանագրերի կոպիտ խախտումներով), այնպես էլ բազմաթիվ այլ ոլորտների, որտեղ պետությունը մինչ այժմ գնացել է միջազգային լավագույն փորձի ընդօրինակման փոխարեն բարդ, խտրական և ծախսատար լուծումների ներդրմանը:
— Պետությունը պետք է արդյունավետ կառավարման օրինակ ծառայի: Որևէ անարդյունավետ ծախս, որևէ ավելորդ հաստիք մենք չենք կարող մեզ թույլ տալ: Կառավարությունը համարում է, որ ինչպես Հայաստանի անկախացումից հետո կուտակված փորձը, այնպես էլ առաջադեմ երկրների զարգացման պատմությունը հուշում է դրան հասնելու ճանապարհը: Ինչպես պետական տարբեր մարմինների (այդ թվում` նախարարությունների և գործադիր իշխանության այլ կառույցների) քանակը, այնպես էլ դրանց գործառույթները պետք է սահմանվեն` հաշվի առնելով հանրային արդյունավետ կառավարման արդի պահանջները: Երկրի հաջողության կարևոր հիմքերից մեկը կոմպակտ և խիստ արդյունավետ գործող պետական ապարատն է: Այս ուղղությամբ առաջին քայլն արդեն իսկ կառավարությունն արել է: Մենք մինչև 2016թ. վերջ Ազգային ժողով կներկայացնենք առաջիկա 1.5 տարում նախարարությունների քանակը կտրուկ նվազեցնելու (ոչ ավելի, քան 10 նախարարություն թողնելու) կոնկրետ և հիմնավոր ժամանակացույց:
— Կառավարության, նախարարությունների, պետական և համայնքային մարմինների ու կառույցների գործունեությունների գնահատում, բյուջեի ծախսային մասի ուսումնասիրություն, որի արդյունքում կարող է զգալի կրճատվել նախարարությունների քանակը և առաջարկություններ այդ կառույցների օպտիմալացման հետ կապված՝ հիմք ընդունելով կառավարության հաստատված ծրագիրը: Այս կառույցների աշխատանքի գնահատման արդյունքում կարծիք և առաջարկություններ կկազմվեն, թե որքանով է այսօրվա պետական ու համայնքային կառավարական համակարգը համապատասխանում երկրի պահանջներին և այդ համակարգը համալիր (կառուցվածքային և գործառնական, բովանդակային և ֆինանսական առումով) օպտիմալացման ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ կներկայացվեն:
— Պետական կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակներում կառավարությունը նախատեսում է շարունակել կրճատել տեսչական կառույցների քանակն ու նրանց գործառույթները` անցում կատարելով իրական ռիսկահեն ստուգումների և մորատորիում սահմանելով նույն տնտեսվարող սուբյեկտում, հատկապես փոքր և միջին ձեռնարկություններում, երկու տարվա ընթացքում մեկից ավել ստուգում իրականացնելու վրա։
— Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման առումով վերջին տարիներին էական է եղել էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումն ու զարգացումը: Այս առումով աշխատանքները հետևողականորեն կշարունակվեն` մասնավորապես Datalex համակարգի համանման համակարգ ներդնելով նաև պետական այլ մարմիններում (դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, դատախազություն, ոստիկանություն և այլն):
— Կառավարությունը նախատեսում է ուսումնասիրել պետական մարմինների գործողությունների արդյունքում ֆիզիկական և իրավաբանական անձանց (այդ թվում` հարկային հարաբերություններում տնտեսվարող սուբյեկտներին) հասցված վնասի փոխհատուցման և պետական մարմինների պատասխանատվության սահմանման միջազգային լավագույն փորձն ու առաջարկել դրա տեղայնացում:
— Քաղաքացիական ծառայության համակարգում առկա որոշակի բացթողումներ մինչ այժմ ոչ հազվադեպ օգտագործվել են հասարակության այս կամ այն անդամի (այդ թվում` պետական այս կամ այն պաշտոնյայի) մերձավորներին չարդարացված առավելություններ տալու համար: Քաղաքացիական ծառայության, հանրային հատվածի ցանկացած աշխատանք պետք է կատարվի դրա համար ամենաարժանավոր անձի կողմից` բացառելով որևէ հովանավորչություն:
Հանրային մասնակցություն
— Պետության առջև կանգնած կարևորագույն խնդիրների լուծումն անհնարին է առանց հանրային լայն մասնակցության, հանրային գործուն վերահսկողության: Մենք հավատում ենք, որ հասարակության ներգրավմամբ հնարավոր է կարճ ժամկետում և արդյունավետ կերպով լուծել այնպիսի խնդիրներ, որոնք տասնամյակներ շարունակ իրենց լուծումը չեն գտել:
— Հասարակությունն իրավացիորեն դժգոհում է պետական կառավարման գրեթե բոլոր ոլորտներում առկա իրավիճակից, լինի դա դատական համակարգ, իրավապահ մարմիններ, հարկային և մաքսային վարչարարություն, ընտրական համակարգեր, քաղաքացիական ծառայություն, թե գրեթե ցանկացած այլ ոլորտ: Մենք վստահ ենք, որ հասարակության համախմբմամբ և իշխանությունների նկատակաուղղված գործողությունների շնորհիվ ամենակարճ ժամկետում հնարավոր է հասնել ինչպես այդ, այնպես էլ ցանկացած այլ ոլորտում համաշխարհային չափանիշներով ամենաարդյունավետ և օրինակելի համակարգերի ներդրման: Ավելին, կառավարությունը հայտարարում է, որ պարտավոր է այդ ուղղությամբ արագ և կոնկրետ քայլեր ձեռնարկել` իշխանությունների հանդեպ հասարակության վստահությունը ամրապնդելու, երկրի առաջանցիկ զարգացումն ապահովելու, Հայաստանի ցանկացած քաղաքացու, աշխարհասփյուռ հայության երազանքների երկիրը կառուցելու համար:
— Մենք հեռու ենք այն մտքից, որ երկրի մտավոր, գաղափարական ներուժի հիմնական կամ թեկուզ էական մասը կենտրոնացված է պետական հատվածում: Հետևապես, պետությունը պետք է կարողանա հասարակության շահագրգիռ և կարող հատվածի հնարավորություններն օգտագործի` երկրի զարգացման նորարարական գաղափարներ գեներացնելու և դրանք կենսագործելու նպատակով:
— Կառավարությունը հավատում է, որ իրական փոփոխությունների հնարավոր է հասնել մի կողմից առաջնորդող իրական հայրենասերների գվարդիա ստեղծելով և, մյուս կողմից, ուղղակի հետամուտ լինելով ակնհայտ ու պարզ պոստուլատների. պետք է մարդկանց հետ լինել անկեղծ, խիստ և արդար: Մարդիկ ու գործարարները ևս կառավարության նկատմամբ պետք է լինեն անկեղծ և խիստ: Առանց կասկածի առաջին քայլը պետք է կատարի կառավարությունը: Կառավարություն լայն իմաստով. ներառյալ բոլոր գերատեսչությունները, դատական համակարգը, քննչական և ոստիկանական ծառայությունները, տեղական մարմինները, գանձապետական համակարգը և նոր Սահմանադրությամբ ստեղծվող Հաշվեքննիչ պալատը: Այլ կերպ ասած՝ հետամուտ լինել օրենքի գերակայությանը և արդարությանը:
Ոլորտային խնդիրներ
— Առանձին արտոնյալ պայմաններ մշակել տնտեսության այնպիսի ճյուղերի համար, ինչպիսիք են գյուղատնտեսությունը՝ ներառյալ գյուղմթերքների վերամշակումը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը և արդյունաբերությունը: Չնայած, որ վերը նշվածից մի քանիսը կառավարության կողմից վաղուց հայտարարված են որպես տնտեսության զարգացման գերակա ճյուղեր, սակայն գործնականում շատ քիչ բան է արված խթանելու այդ ոլորտները։
— Տնտեսական աճի առավել մեծ մասն է ապահովում արդյունաբերությունը, որի քաղաքականությունը վերանայելու և բարելավելու պահանջ է առաջանում, օրինակ, ներդրումների և արտահանման խթանման կառույցների աշխատանքի համատեքստում, ճյուղում առկա կազմակերպությունների ակտիվ փոխգործակցության, արտերկրում հայկական ապրանքների առաջմղման, ինչպես նաև լոգիստիկ կենտրոնների աշխատանքի համատեքստում:
— Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վերջին տարիներին գրանցված առաջընթացին, դեռ խոչընդոտներ կան այս ոլորտը իսկապես տնտեսության լոկոմոտիվ դարձնելու ուղու վրա։ Կրթական հաստատությունները շատ դանդաղ են հարմարվում այս ոլորտում արագ կատարվող փոփոխություններին։ Առանց համակարգային մոտեցումների անհնար կլինի առաջ ընթանալ գիտելիքահեն տնտեսության ներդրման և աքսելերացիայի ուղղությամբ։
Ծրագրերի իրականացման կենտրոն
— Կառավարության կողմից զբոսաշրջության, առողջապահության, կառուցապատման և այլ ոլորտների ծրագրերի իրականացման համար առաջարկում ենք ստեղծել առանձին կառույց, որը ըստ ծրագրի ազատ շուկայից մրցույթով կընտրի Ծրագրի Ղեկավար: Խնդիրը կայանում է նրանում, որ այս պահին գործող պրակտիկան՝ խորհրդականների և օգնականների միջոցով Խոշոր Ծրագրերը կառավարելը կամ Նախարարությունների լիազոր անձի վրա այդ պատասխանատվությունը դնելը արդյունավետ չի և նախապես հիմք է ծրագրերի իրականացման խաթարման:
— Ցանկացած դեպքում, երբ խոսքը գնում է օտարերկրյա կոնկրետ խմբի ներդրողների ներգրավման, մարքեթինգային կամ նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող ոլորտի ծրագիր իրականացնելիս բազմաթիվ գործերով ծանրաբեռնված պետական պաշտոնյաները չեն կարող արդյունավետ իրականացնել այդ ծրագրերի կառավարումը: Իհարկե այդ լիազորությունը պետք է մնա համապատասխան նախարարությանը, բայց բոլոր շահառու կողմերի միջև կապի հաստատումը, Ծրագրի իրականացումը պետք է կատարվի յուրաքանչյուր դեպքի համար մրցույթով ընտրված պրոֆեսիոնալ (նույնիսկ օտարերկրացի) մասնագետի կողմից:
Զբոսաշրջություն
— Զբոսաշրջիկների սակավաթիվ լինելու հիմնական պատճառներից են ինքնաթիռի թանկ տոմսերը, հյուրանոցների բարձր գները, ինչպես նաև ոչ բավարար ենթակառուցվածքները, իսկ որոշ առմամբ նաև դրանց բացակայությունը, որն էլ սահմանափակում է զբոսաշրջության աճը։
— Կառավարությունը կուսումնասիրի, մասնավորապես, հանրապետությունից ավիափոխադրումների բարձր գները պայմանավորող գործոնները և քայլեր կձեռնարկի ցածր–արժեք ավիափոխադրողների` հանրապետության շուկա մուտքի ուղղությամբ:
— Համայնքներում և մարզերում, ճանապարհներին հարող կառույցների համար պետք է հստակ չափանիշներ սահմանվեն, նաև քաղաքաշինական պահանջներ դրվեն են–թակառուցվածքների զարգացման համար:
— Բացի այդ, հյուրանոցների կառուցապատման, կամ զբոսաշրջությանը վերաբերող ցանկացած գործունեություն պետք է ունենա հստակ արտոնություններ՝ սահմանելով նաև պարտավորություններ: Այս ոլորտում ներդրումները (օրինակ ոչ ռեզիդենտի կող–մից հյուրանոց գնելը) պետք է այլ կարգավորում ունենան:
Անշարժ գույք, քաղաքաշինության ոլորտ
— Այս ոլորտում հարկային և կարգավորող քաղաքականությունը մինչև հիմա բազմաթիվ խնդիրներ է ունեցել: Կադաստրային արժեքի գոտիները ճիշտ չեն բաշխված: Մի-մյանցից մի քանի անգամ տարբերվող շուկայական արժեք ունեցող գույքի համար կարող է վճարվել գույքահարկի նույն գումարը:
— Երկրորդային շուկայում գործարքները միշտ կրում են հարկային ռիսկ, քանի որ շուկայական գնի որոշման հստակ մեխանիզմներ չկան, հարկման բազան վաճառողի և գնորդի համար դժվար է որոշել: Պետք է երկրորդային շուկայում հստակ կադաստրային արժեքից բխող հարկման բազա սահմանել, իսկ կադաստրային արժեքի գո–տիները կարգավորել այնպես, որ հարկման բազան արդար լինի պետության համար:
— Ընդհանրապես չի հարկվում վարձակալության շուկան կամ օրավարձով բնակարանների շուկան, որը խիստ մրցակցություն է ստեղծում հյուրանոցների վրա և իջեցնում այդ ոլորտում խոշոր ներդրումների ծավալը: Այս մասով պետք է հարկը շատ ցածր լինի, որ քաղաքացիները գան հարկման դաշտ, բայց այնուամենայնիվ դաշտը պետք է թափանցիկ դարձնել:
Արժութային կարգավորում
— Ներկայումս շատ դեպքերում ոչ ռեզիդենտների հետ գործարքներում կամ վճարումներ կատարելիս պարտադիր գնանշումը և վճարումը պետք է ՀՀ դրամով լինի: Իհարկե դրամի կայունության խնդիրը էական նշանակություն ունի ՀՀ տնտեսության համար, բայց օտարերկրյա ներդրումների ներգրավման և սփյուռքի հետ գործարքների իրականացումը այս օրենսդրական կարգավորումը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում, իսկ օրենսդրության խախտման համար տուգանքը հավասար է գործարքի ամբողջ գնին: Այս օրենսդրական դաշտը պետք է մեղմացվի և ոչ ռեզիդենտների հետ պետք է հնարավորություն տրվի արտարժույթով գնանշում և վճարում կատարելու համար:
Դատաիրավական համակարգ
— Բազմաթիվ փորձեր կատարվել են իրավական համակարգը վերևից ներքև ուղղելու և պետական պաշտոնյաների մոտեցումները փոխելու ուղղությամբ: Դրանք արդյունավետ կդառնան, եթե արագ զարգանա որակյալ, կրթված փաստաբանական համայնքը: Շատ կարևոր նոր մոտեցում կհամարվի կառավարության կողմից, եթե կտրուկ քայլեր կատարվեն փաստաբանական ինստիտուտի զարգացման ուղղությամբ և փաստաբանները ստանան պետության աջակցությունը: Այս խմբի կայուն և շարունակական զարգացումը կօգնի իրականացնել համակարգային փոփոխություններ իրավունքի ոլորտում: