
Հայաստանի ապահովագրական շուկա
Նոյեմբերի 12–ին Երևանի Սլավոնական համալսարանի կոնֆերանսների կապույտ սրահում կայացավ «Հայաստանի ապահովագրական շուկա, առաջադեմ զարգացման ռազմավարություն» թեմայով կոնֆերանս, որը կազմակերպել էին ՀՀ Կենտրոնական Բանկը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Սլավոնական համալսարանը՝ մասնակցությամբ «Փռայմ ինշուրանս բրոքերս» ընկերության։ Քննարկվել է Հայաստանի ապահովագրական շուկայի ներկայիս վիճակը, նշվել են ոլորտի զարգացման հնարավոր ուղիները և երաշխիքների համակարգը։ Մասնակցում էին տասնյակ կազմակերպություններ, ուսանողներ։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «Փրայմ ինշուրանս» ՍՊԸ գործադիր տնօրեն Արտավազդ Յախշիբեկյանը օբյեկտիվ և հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի ապահովագրական շուկայի, պատկերավոր ասած, լույսն ու ստվերը, դժվարությունների հաղթահարման իրատեսական ուղիները։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը մասնավորեց, թե ապահովագրական շուկայի անկատարությունը որքանով է խոչընդոտում բիզնեսի զարգացմանը, բարձրացնում նոր ծրագրեր իրականացնելու ռիսկայնությունը։ Պարոն Կիրակոսյանը նշեց, որ Միությունը մշտապես պատրաստ է աջակցելու խնդրին վերաբերող ցանկացած ձեռնարկումներին։
Սլավոնական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանը և ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրեցին պետական ատյանների դիրքորոշումները, պատասխանեցին բազմաթիվ հարցերին։