
Հայաստանին մնում է Գողգոթա բարձրանալ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Հայաստանի տնտեսության վիճակին: Նա նշեց, որ օրինակ հարևան Վրաստանի տնտեսության համար միջազգային կառույցներն ավելի լավ ցուցանիշներ են կանխատեսում այս տարի, որովհետև հավանաբար ավելի շատ ֆինանսական միջոցներ են նախատեսել այդ երկրի համար:
Դիտարկմանը, թե 2009 թվականի անկումը բացատրվում էր միջազգային ճգնաժամով, հիմա էլ վիճակը կապվում է ՌԴ տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներին, բայց ԱՄՀ տվյալներով՝ մեր հարևան երկրներում՝ Վրաստանում ու Ադրբեջանում այս տարի տնտեսական աճ է լինելու՝ ի տարբերություն Հայաստանի, ինչպե՞ս է ստացվում, որ վատ իրավիճակն ազդում է միայն Հայաստանի վրա, Ղազարյանը պատասխանեց. «Ինչո՞ւ մենակ Ռուսաստանում, Վրաստանում գործերը լավ չեն, Ադրբեջանում լավ չեն, Եվրոպայում: Ես ինքս Վրաստանում գործնական կապեր և շահեր ունեցող անձնավորոթյուն եմ, ես Վրաստանի տնտեսությունում նույն հիվանդագին պրոցեսն եմ տեսնում, նույն պրոբլեմները, ինչ որ Հայաստանում կա: Ես այնտեղ դեռ չեմ տեսնում հեռանկարներ: Միջազգային կառույցները կանխատեսում են, որովհետև երևի Վրաստանի տնտեսության համար լուրջ ֆինասնական հոսքեր են նախատեսվում միջազգային կառույցներից: Վրաստանի տնտեսությունն ունի բարձիկներ, որոնց վրա հենված է: Մենք այդպիսի բարձիկներ, վարկավորում չունենք»:
Արսեն Ղազարյանի խոսքով՝ չպետք է համեմատվել Ադրբեջանի ու Վրաստանի հետ: Հայաստանի եկամուտներն, ի տարբերություն Ադրբեջանի, նավթային չեն, իսկ Վրաստանը հոյակապ տրանզիտային հնարավորությունից է օգտվում:
“Մերը զուտ ներդրումների, ստվերային տնտեսության հաշվին է, մերը զուտ սեփական աշխատանքով ձեռք բերված եկամուտ է: Հարցը ուղղեք միջազգային կառույցներին՝ ինչո՞ւ են մեր կառավարությանն ավելի քիչ բյուջետային ու ենթակառուցվածքային վարկեր տալիս: Աշխարհքաղաքական շահեր կան”,- ասաց նա:
Հարցին, թե միգուցե Հայաստանի ընտրած ուղին՝ ԵՏՄ-ն է խոչընդոտում դրան, նա պատասխանեց. «Ուղին միշտ դժվար է և մաքառվող է: Խաչը ուսիդ պետք է փորձես բարձրանաս քո Գողգոթան, և հետո քեզ կճանաչեն: Երկար է ճանապարհը»:
Ըստ նրա՝ համաշխարհային տնտեսությունում և մասնավորապես մեր տարածաշրջանում նոր փուլ է սկսվել, որը պահանջում է լուրջ դիվերսիֆիկացիա, շուկաների վերադասավորում, որը շատ բարդ խնդիր է:
«Մենք մեր պլանավորումն ամբողջովին կատարել էինք ԱՊՀ տարածքի վրա, բայց այդ տարածքն այսօր հիվանդագին վիճակում է: Այդ տարածքում գնողունակության և վալյուտային ցնցումները չեն դադարում: Սա մշտական գործող պրոցես է, միշտ մարտահրավերներ լինելու են տնտեսությունում: Մեկ օրում հնարավոր չէ մտնել այլ շուկաներ և ունենալ նույն հաջողությունները, որ մենք 23-24 տարի շարունակ ձեռք էինք բերել պատմական ժառանգված մեր շուկայից՝ ԱՊՀ տարածքից»,- ասաց նա:
Արսեն Ղազարյանի խոսքով՝ հայաստանյան գործարարների կողմից քայլեր են արվում են այլ շուկաներ՝ մասնավորապես, Եվրոպա, Չիանստան, Հնդկաստան, ԱՄՆ արտահանումներ իրականացնելու ուղղությամբ: Բայց դրանք տոկոսային հարաբերությամբ դեռևս չեն մրցակցում այն շուկայի հետ, որտեղ հայ արտահանողները վերջին տարիներին լայնածավալ աճ ունեին:
“Էլի սպասում ենք կայունանա, որ մեր տեմպերը նույն ձև շարունակվեն”,- ասաց նա:
Արսեն Ղազարյանի տեղեկացմամբ՝ այս տարվա առաջին երկու ամիսների համեմատ արտահանումների վիճակը հիմա փոքր ինչ բարելավվել է: “Դե բնական է, ՌԴ գնորդների մոտ կուտակված ապրանքը սպառվեց, պետք է լրացվի: Երկրորդ, մի փոքր ռուբլու կայունացում կա,նաև ռուսական շուկայում գնագոյացման նկատմամբ վերաբերմունքն է կայունանում: Ես հույս ունեմ, որ տարվա կեսից մենք կհասնենք գոնե 2014 թվականի ցուցանիշներին”,- ասաց նա:
Միության նախագահը նաև տեղեկացրեց, որ մայիսին Հայաստանում ներդրումային ֆորում կանցկացվի, “որպեսզի փորձենք ինքներս մեզ և աշխարհին ապացուցել, որ ներդրումներ է պետք անել: Բավական է սպասել”:
Դիտարկմանը, որ շատերի գնահատականով Հայաստանի տնտեսությունը մոնոպոլացված է, ի՞նչ ներդրումներ պետք է արվեն, նա պատասխանեց. “Անգլերեն լավ խոսք կա՝ No comment: