ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը օրախնդիր մի քանի հարցերի վերաբերյալ հարցազրույց է տվել «Առավոտ» օրաթերթին, ինչին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

Մի քանի տասնյակ գործարարներ, որոնք փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ են եւ Լարսի անցակետի փակման հետեւանքով փչացող բեռներով մնացել էին ճանապարհին,  դժգոհություն էին հայտնել, որ իրենք, որպես այլընտրանք, չեն կարողանում օգտվել լաստանավային փոխադրումից, քանի որ խոշոր բեռնափոխադրողները լաստանավերն էլ մենաշնորհ են դարձրել եւ իրենց բեռների համար տեղ չկա:

Այսօր Aravot.am-ի հարցին, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, որը «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում մասնակցում էր Ձեռներեցության հարցերով եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոմիտեի 9-րդ նիստին, ասաց, որ լաստանավերում «ոչ մի մենաշնորհ չկա»:

Մեր այն դիտարկմանը, թե մեծ բեռնափոխադրողները վարձակալում են լաստանավն ամբողջությամբ եւ փոքր բեռներին տեղ չի մնում, պարոն Ղազարյանն ասաց, որ մեր խոշոր փոխադրողներից մեկը երկու լաստանավ է վարձակալել. «Ինքնին պարզ է, եթե վարձակալում է, ապա իր սեփական բեռների համար, բայց լաստանավերն այնպիսին են, որ բացի սեփականից, նաեւ ըստ հերթականության, այսինքն` ով ժամանակին հասել է Նովոռոսիսկ, Փոթի կամ Բաթումի նավահանգիստ, ով գնել է այդ չվերթի տոմսերը, ըստ հերթականության գնում է եւ առաջնահերթությունը տրվում է փչացող բեռներին, հատկապես գյուղմթերքի այն տեսակներին, որոնք մեկ շաբաթից, տասն օրից սառնարանային պայմաններում դժվար է պահելը»:

Արսեն Ղազարյանն այս հարցում «ոչ մի հակամենաշնորհային համաձայնություն կամ գերակա դիրքի չարաշահում» չի տեսնում:

Leave a reply