
Կոնֆերանս տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ
Հունիսի 27–ին «Նորավանք» կենտրոնում կայացավ կոնֆերանս «Հայաստան–Վրաստան–Իրան–Ռուսաստան համագործակցության արդի իրավիճակն ու զարգացման հեռանկարները Հյուսիս–Հարավ առանցքի շուրջը» թեմայով։ Հանգամանալից ելույթում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը վերլուծեց Հայաստանի տնտեսության իրավիճակն ու զարգացման ուղղությունները Եվրասիական Միության անդամակցության պայմաններում և հնարավոր զարգացումները տարածաշրջանում։ Պարոն Ղազարյանը մասնավորապես նշեց՝ «Հայաստանը փաստորեն գտնվում է տարբեր ուղղություններով ազատ առևտրի երեք գոտիներում և Իրանին առաջարկելու բան ունի։ Մենք՝ ԵԱՏՄ անդամներս, օգտվում ենք իրավական բոլոր ռեժիմներից, ինչը շատ օգտակար է հարևանների համար…»։ Անդրադառնալով Հայաստանը մեծ աշխարհին ինտեգրելու գաղափարին՝ ՀԱԳՄ նախագահը մասնավորեց՝ «Հայաստանը միշտ եղել է համաշխարհային տնտեսական խաչմերուկում՝ հատկապես Մետաքսի Մեծ ճանապարհին։ Եվ այժմ էլ հարկավոր է վերականգնել այդ դերը. առավել ևս որ դրան է միտված Հյուսիս–Հարավ կառուցվող ճանապարհը, Իրան–Հայաստան երկաթուղու կառուղման գաղափարը…»։