
Կենսաբազմազանության ապահովումը ենթադրում է համատեղ ջանքեր
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի նախաձեռնությամբ ապրիլի 28-ին ՀԱԳՄ–ում տեղի ունեցավ կենսաբազմազանության հարցերի վերաբերյալ աշխատանքային հանդիպում՝ նպատակ ունենալով Երևանում կայանալիք GOP17 միջազգային համաժողովին ընդառաջ բարձրացնել գործարար շրջանակների իրազեկվածությունն արդիկան հարցերի առնչությամբ։
«Խնդիրը գլոբալ է, սակայն մոլորակի կենսաբազմազանության ապահովումն անհամաչափ է, տարածական ու ոչ լիարժեք։ Այն համատեղ ուժերով մեղմելու մտահոգությունը պետք է միավորի բոլորիս։ Թեև ամենուր արվում են առանձին աշխատանքներ, բայց դրանք դեռևս համակարգված և լիարժեք լուսաբանված չեն, ինչում մենք ևս անելիք ունենք։ Այս հանդիպումը պետք է հերթական քայլ դառնա»,- ասաց ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։
Հանդիպման բանախոսները նշեցին, որ Հայաստանում բնապահպանության խաթարման թիրախում է հատկապես վնասակար արտանետումներով լեռնամետալուրգիան։ Ըստ Ներսես Կարամանուկյանի․ «Կենսաբազմազանության մասին կարծիքները երբեմն բևեռացվում են։ Օրինակ՝ Սևանից մինչև Երևան մայրուղու հարևանությամբ ավազի և այլ ոչ մետաղական հանածոների բազմաթիվ բլուրներ են անհետացել, տարածքն ամայացել է, փոշին էլ մթնոլորտն է աղտոտել։ Դա չեն նկատում, և ոմանք միայն լեռնամետալուրգիան են թիրախավորում՝ մոռանալով, որ հատկապես այդ ոլորտն է տնտեսության կարևոր հենասյուներից մեկը»։
Խնդրի առնչությամբ դանիացի պատվիրակը նշեց, որ իրենց երկրում, երբ որևէ հանք փակվում է, տարածքը պարտադիր մշակվում է, ծառեր են տնկվում, բարեկարգվում, վերականգնվում է բնական տեսքը։ Նրա խոսքով՝ Դանիայում հողօգտագործման և կառուցապատման նկատմամբ շատ զգուշավոր են և երկար ուսումնասիրությունից հետո են միայն թույլտվություն տալիս։ Նշվեց, որ Դանիայի փորձը կարող է ուսանելի լինել Հայաստանի համար։
Կողմերը կարևորեցին «ՀԱԳՄ-ը կանաչ անցման համար. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և առաջնորդություն ՇՄՍԿ (ESG) քաղաքականության ներդրման գործընթացում» ծրագիրի շրջանակներում հայ-դանիական համատեղ գործակցությունը, ինչը կարող է միավորել ուժերն ու հնարավորությունները։ Նշվեց, որ ՀԱԳՄ-ն կենսաբազմազանության ապահովման խնդիրներում կարող է կամուրջ դառնալ գործարարության և Կառավարության միջև։ Միությունը միշտ էլ երկխոսության նախանձախնդիրներից է։
«Նպատակահարմար է համագործակցությունը նաև Բնության համաշխարհային հիմնադրամի հետ։ Միայն միասնական ուժերով կկարողանանք մեղմել շրջակա միջավայրին հասցված վնասները»,–առաջարկեց ՀԱԳՄ փոխնախագահը։
Նախատեսված են նաև Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի պատվիրակության հանդիպումներ այլ կազմակերպություններում։






