Ի շահ գործարար միջավայրի

Մեկնարկել է հարկային, մաքսային բարեփոխումների երկրորդ փուլը

Կառավարությունը վերջերս ընդունել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մի շարք որոշումներ։ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը հասարակությանն է ներկայացրել հարկային, մաքսային բարեփոխումների երկրորդ փուլը, որ գործարարների շրջանում ոգեւորություն է առաջացրել։ Երեք նախագիծ է ներկայացվել կառավարության քննարկմանն ու հաստատմանը։

Եվ այսպես, գործադիրը սահմանել է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական hաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար hարկ վճարողների չափանիշները, ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ փոխհատուցվող գումարների՝ մինչեւ 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը եւ ժամկետները։

Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ—ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ—ի փոխհատուցվող գումարների՝ մինչեւ 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ–ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումը, իսկ 2017թ. ընթացքում՝ վերադարձը իրականացվում է առանց հարկային մարմնի կողմից ուսումնասիրություն կամ ստուգում կատարելու, ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայումս սահմանված 90 օրվա փոխարեն։

Մասնավորապես, ի՞նչ փոփոխություններ են սպասվում գործարար միջավայրում եւ ի՞նչ են ենթադրում այս օրենսդրական փոփոխությունները, պարզաբանումներ տվեց ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Նրա գնահատմամբ, այս օրենսդրական փոփոխությունները շատ սպասված էին եւ գործարար միջավայրի համար հեղափոխական, քանի որ դրանց կիրառումը հետագայում նպաստելու է ներդրումների եւ երկրի վարկանիշի բարձրացմանը։

«Արտահանումների դեպքում ԱԱՀ—ի վերադարձի, մինչեւ 20 մլն ԱԱՀ—ի գործարքներ իրականացնող արտահանման գործառույթների դեպքում գործարարը ներկայացնում է հայտ առանց հարկային մարմինների կողմից ստուգման եւ ընդամենը մի քանի օրվա ընթացքում ակնկալում վերադարձ։ Սա բավական մեծ հնարավորություն է ճկուն աշխատելու համար, հատկապես միջին ձեռնարկությունների, վերամշակող ընկերությունների համար ֆինանսական ռեսուրսների արժեքը չի թանկանում, ինչը շատ կարեւոր է»,–նշեց Արսեն Ղազարյանը։

Համապատասխան որոշման ընդունման նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է, հետեւաբար արտահանման խթանման համար նպաստավոր պայմանների ստեղծումը։ Ենթադրվում է, աստիճանաբար պարզեցնել արտահանողներին՝ ԱԱՀ—ի գումարների վերադարձման ընթացակարգը եւ կրճատել ժամկետները։ Ընդունված որոշմամբ առաջարկվում է սահմանված չափանիշներին բավարարող հարկ վճարողներին ԱԱՀ—ի գումարները վերադարձնել էականորեն պարզեցված ընթացակարգով եւ անհամեմատ ավելի կարճ ժամկետներում։

Նշենք, որ ԱԱՀ—ի եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծերը հավանության է արժանացել ՀՀ կառավարության մարտի 23—ի նիստում։ Միջոցներ են ձեռնարկվում գործարարությանը առարկայական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաեւ երկրի տնտեսական վարկանիշային ցուցանիշների բարելավման ուղղությամբ։

Ակնկալվող փոփոխություններով հարկատուները հնարավորություն են ստանալու հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ—ի գումարների գերազանցող մասը այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու կամ վերադարձնելու համար։

«Եթե գործարարն ունի եկամտահարկով գերավճարներ եւ շահութահարկով կանխավճարներ, ապա նա կարող է դիմել եւ հետ ստանալ։ Պետությունը ռիսկի է դիմում այս ռեսուրսները գործարարներին վերադարձնելով»,– պարզաբանեց արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Ներկայումս գործող օրենսդրությամբ այն կարող է հաշվանցվել միայն հետագա հաշվետու ժամանակաշրջաններում առաջացող ԱԱՀ—ի գումարների հաշվին, եւ այդ գումարները հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն, եթե, իհարկե, վճարողը չի իրականացնում ԱԱՀ—ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ։

Ըստ Արսեն Ղազարյանի, այսօր դեռեւս գործող այս սահմանափակումը իրապես բացասական ազդեցություն էր թողնում ոչ միայն տնտեսավարողների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության, այլեւ ՀՀ գործարար միջավայրի բարելավման աստիճանը գնահատող վարկանիշային ցուցանիշների վրա՝ խոչընդոտելով այդ վարկանիշային ցուցակներում Հայաստանի դիրքի բարելավմանը։ Ուստի այս իրավական կարգավորումը, ըստ բանախոսի, էապես կնպաստի արտահանման խթանմանը, ինչը ողջունելի է գործարարների համար։

Կառավարության նիստում հավանության արժանացած մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին։ Նախագծով, մասնավորապես, սահմանվում է, որ ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից բոլոր տեսակի մեքենաների, սարքավորումների եւ հումքային ապրանքների ներմուծումն ազատվում է արժեքի հարկից։

«Տարիներ առաջ հատուկ բարեփոխումներով կառավարության հատուկ ծրագրով այս ապրանքատեսակների մասով ԱԱՀ—ն հետաձգվեց 3 տարով։ Սակայն մենք այսօր, թե՛ բիզնես հանրությունը, թե՛ կառավորությունը քաջ գիտակցում ենք, որ առանց լուրջ ներդրումների եւ տեղական արտադրության տեխնոլոգիական վերազինման, հոսքագծերի ծավալների մեծացման, աճ չի ապահովվի։ Ներմուծումն ազատվում է ԱԱՀ—ից, եւ գործարարների ներդրումային ծրագիրը 20 տոկոսով չի թանկանում։ Թե՛ արտաքին, թե՛ ներքին ներդրողին անհրաժեշտ է շահագրգռել»,–նշեց Արսեն Ղազարյանը՝ այս դրույթի կիրառումը վերագրելով արդյունաբերական հեղափոխության։ Այս օրենսդրական փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2018 թ. հունվարի 1—ից։

Օրինագծերի նպատակը ՀՀ ներդրումային միջավայրի բարելավումն ու տնտեսավարող սուբյեկտների ներդրումային ակտիվության բարձրացումն է։ Միաժամանակ, նախագծերով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի եւ գործարար ծրագրերի շրջանակում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, սահմանվում է մեկ տարի, ինչը ներդրողներին հնարավորություն կընձեռի էականորեն կրճատել իրենց կողմից կատարված ներդրումների հետգնման ժամկետը՝ դրանով իսկ բարձրացնելով մեր երկրի ներդրումային գրավչությունը։

Կառավարությունը հաստատել է նաեւ էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման եւ մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ ՄՄԱՏՀ մուտք գործելու կարգը։ Արդյունքում ակնկալվում է դյուրացնել էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրմումը եւ մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ ՄՄԱՏՀ մուտք գործելը։

Ըստ վարչապետ Կարեն Կարապետյանի, ընդունված նախագծերը տնտեսության ակտիվության բարձրացման տեսանկյունից խիստ կարեւոր են եւ կնպաստեն բիզնես միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ սեփական եկամուտների ավելացմանը։

Այս արմատական փոփոխություններն, ըստ Արսեն Ղազարյանի, կնպաստեն հավասար մրցակցային դաշտի ստեղծմանը, ստվերայնության նվազմանը, արդար մրցակցության ապահովմանը։ «Ակնկալվում է հարկահավաքությունն ավելացնել եւ մեծացնել ներդրումների թիվը։ Այս օրենսդրական փոփոխություները համարում եմ իրատեսական եւ արդյունավետ։ Եթե մենք գործարարներին հարկում ենք 2018թ.—ից, ապա ներքին ներդրողների 8 տոկոսը եւ արտաքին ներդրողների 10 տոկոսի շահութաբաժինները կրկնակի հարկի տակ կդրվեն՝ ստեղծելով բացասական արդյունք։ Պետությունն առհասարակ շահութահարկի գծով եկամուտներ շատ նվազ է հավաքագրում, իսկ այս փոփոխությունները կբխեն եւ տնտեսության, եւ գործարար միջավայրի շահերից»,–վստահեցրեց ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը։

«Hayastany Hanrapetutyun» armenian daily
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

Leave a reply