
Իտալական դիզայնի օր «Նարեկ» ՍՊ ընկերությունում
Մարտի 22-ին աշխարհի տարբեր երկրներում նշվեց իտալական դիզայնի օրը: Միջոցառումներ իրականացվեցին նաև Երևանում: Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում բացվեց իտալացի երիտասարդ ճարտարապետների նախագծերի ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցիո Դել Մոնակոն, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետներ, շինարարներ, դիզայներներ: Իտալական դիզայնի օրը մեծ շուքով նշեց նաև Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության խորհրդի անդամ, 1993 թվականից իտալական դիզայնի ջատագով «Նարեկ» ընկերությունը: Օրվա առաջին կեսին ընկերությունը մասնակցեց ՃՇՀԱՀ-ում Իտալիայի դեսպանատան կողմից կազմակերպած ցուցահանդեսին, որտեղ ներկայացրեց “White — Il Bianco Oikos” սպիտակ տեքստուրաների հավաքածուն։ Այնուհետև՝ օրվա երկրորդ կեսին, «Նարեկ» ընկերության ցուցասրահում ներկայացվեց նոր ներկանյութերի ցուցադրություն՝ «Դասականից մինչև մինիմալիզմ» թեմայով՝ ճարտարապետների, շինարարների և դիզայներների մասնակցությամբ։












