
«Գործարարությունը պատրաստակամ է ու վճռական՝ ստանձնելու տնտեսական արարչի ծանր առաքելությունը»․ Արսեն Ղազարյան
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ
Պահն է ամփոփելու անցող տարին, արածն ու չարածը, ունեցած ձեռքբերումները, կանխորոշելու ապագայի անելիքները։
Անցնող 2024-ը հեշտերից չէր։ Թե՛ բարոյահոգեբանական, թե՛ անվտանգային խնդիրների, թե՛ տնտեսական գործունեության առումներով։ Երկրագնդի տարբեր թեժ կետերում չդադարեցին մահաբեր արկերի պայթյունները, աշխարհաքաղաքական սրընթաց գործընթացները հաճախ կոշտ դրսևորումեր ստացան, լարումը չմեղմացավ նաև մեր տարածաշրջանում։ Այս ամենը, ինչ խոսք, իրենց ոչ բարենպաստ ազդեցությունն են թողնում հասարակական տրամադրությունների, տնտեսական զարգացումների, մարդկանց ապրելակերպի վրա։
Չնայած առկա օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներին, այդուհանդերձ, պետք է արձանագրենք, որ տնտեսության ոլորտում անցնող տարում մեր երկրում կարողացել ենք ապահովել որոշակի տնտեսական աճ, շատ ճյուղերում գրանցել դրական ցուցանիշեր, ստեղծել արտադրական նոր հզորություններ, բազմաթիվ աշխատատեղեր։ Եվ այս ամենում արժանվույն դերակատարություն է ունեցել հայ գործարարությունը՝ իր ամենօրյա աշխատանքով, փնտրտուքներով, խոչընդոտների առջև չընկրկելով, նորարար լուծումներով։
2024-ի դեկտեմբերին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հերթական՝ 9-րդ համագումարը, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ հինգ տարում կատարված աշխատանքը, ունեցած հաջողությունները, բայց ավելի շատ խոսվեց առկա խնդիրների, ապագա անելիքների մասին։ Կարևորվեցին գործարար համայնքի շահերի հետագա պաշտպանությանն ու աջակցությանն ուղղված քայլերը, օրինաստեղծ գործընթացին ակտիվ, կառուցողական մասնակցությունը, ձեռներեցությամբ զբաղվողների ջանքերի համախմբումը՝ պետական մարմինների հետ երկխոսության արդյունավետության բարձրացման նպատակով։ Ընդգծվեցին տնտեսությունում նոր տեխնոլոգիաների, նորարար մոտեցումների ներդրման առաջնահերթությունը, արտադրական, կառավարման գործընթացներում արդյունավետ մեթոդների կիրառումը, ապրանքների, ծառայությունների որակի ու մրցունակության բարձրացման կարևորությունը, արտահանման նոր շուկաներում հաստատվելու և դեպի արտերկիր միտված արտադրանքի ծավալների մեծացման հրամայականները։ Եվ, ամենագլխավորը, համագումարում արձանագրվեց, որ գործարարությունը պատրաստակամ է ու վճռական՝ հաղթահարելու ծագող մարտահրավերները, պատասխանատվությամբ ստանձնելու տնտեսական արարչի ծանր առաքելությունը։
Սիրելի՛ հայրենակիցներ, գործարարներ, շնորհավորում եմ ձեր գալիք նոր տարին՝ 2025 թվականը։ Թո՛ղ որ այն լինի խաղաղության, առողջության, արդյունավետ աշխատանքի, ստեղծարար արարման և ուրախությամբ լի տարի։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։